ԱՄՆ նախագահ Բարաք Օբամայի կրտսեր դուստրը՝ 15-ամյա Սաշան, աշխատում է Մարթաս Վինյարդ կղզում գտնվող «Նենսի» ձկնային ռեստորանում: Այս մասին գրում է Newsru-ն՝ վկայակոչելով Boston Herald-ը:
Պարբերականի տվյալներով՝ Սաշան աշխատում է լիարժեք անունով՝ Նատաշա: Նրա հերթափոխը սկսվում է առավոտյան 7:30-ից եւ ավարտվում 4 ժամ անց՝ 11:30-ին: Նա աշխատում է դրամարկղի մոտ, նաեւ էքսպրես-պատուհանի մոտ սնունդ փոխանցում: Բացի այդ, նա սրահը պատրաստում է այցելուներին ընդունելու համար, հավաքում սեղանները:
Աղջկա անվտանգությանը հետեւում են գաղտնի ծառայության 6 գործակալներ: Boston Herald-ը նշում է, որ «Նենսի»-ն նախագահական ընտանիքի սիրված հաստատությունն է Մարթաս Վինյարդում, ուր նրանք կանոնավորապես այցելում են արձակուրդի ժամանակ:
Լուրեր են պտտվում, որ Բարաք Օբաման մտերիմ է հաստատության տիրոջ հետ, ինչով էլ, լրագրողների կարծիքով, կարելի է բացատրել Սաշայի աշխատավայրի ընտրությունը:





























