Ութ մարդ, այդ թվում՝ Քաղաքացիական գվարդիայի յոթ աշխատակիցներ  վնասվածքներ են ստացել իսպանական Արգամասիլիա-դե-Կալատրավա քաղաքում (Լա-Մանչի Կաստիլիա ինքնավար միության Սյուդադ Ռեալ նահանգ) գնչուական ընտանիքների միջեւ փոխհրաձգության հետեւանքով:

Իրավապահ մարմինների աշխատակիցները ժամանել են գնչուական երկու ընտանիքների միջեւ փոխհրաձգության վայր: Վեճը եղել է աղջկա պատճառով, որն ամուսնացել էր գնչուական մեկ այլ ընտանիքի տղայի հետ Պուերտոլյանոյում եւ ամուսնու տնից փախել ու վերադարձել էր ծնողների մոտ Արգամասիլիա, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն:

Քաղաքացիական գվարդիայից բացի, օպերացիային մասնակցել են ազգային ոստիկանության աշխատակիցները, նաեւ օդ էր բարձրացել մեկ ուղղաթիռ: Մի քանի մարդ ձերբակալվել է ապօրինի զենք կրելու համար:

Վիրավորները տեղափոխվել են մոտակա հիվանդանոց: Նրանց կյանքին վտանգ չի սպառնում: Նրանցից վեցն արդեն հիվանդանոցից դուրս են գրվել, երկուսը դեռեւս գտնվում են բժիշկների հսկողության տակ: Տուժողների թվում են Քաղաքացիական գվարդիայի աշխատակիցները եւ հրազենի կիրառմամբ բախման մասնակիցներից մի գնչու: