Օգոստոսի 4-ին իր 55-ամյակը նշող ԱՄՆ-ի նախագահ Բարաք Օբամայի վարկանիշն իր առավելագույնին է հասել պետության ղեկավարի պաշտոնում իր երկրորդ ժամկետի ընթացքում: Այդ մասին են վկայում սոցիոլոգիական հարցման տվյալները, որն իրականացրել է CNN/ORC-ը:
Հետազոտության տվյալների համաձայն, Օբամայի գործողություններին հավանություն է տալիս հարցվածների 54 տոկոսը, դա 2013 թվականից ի վեր բարձրագույն ցուցանիշն է: Նրա քաղաքականությանը հավանություն չի տալիս 45 տոկոսը, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Հարցման հեղինակները նշում են, որ հուլիսի 18-21-ին Հանրապետական կուսակցության համագումարից հետո, որտեղ նախագահին անխնա քննադատել են, նրա վարկանիշն ընկել է մինչեւ 50 տոկոս: Սակայն Դեմոկրատական կուսակցության համագումարից հետո հանրային աջակցության մակարդակն առավելագույնի է հասել: Ընդ որում, պետության ղեկավարին առավելապես աջակցում են մինչեւ 45 տարեկան ամերիկացիները:
Օբամային աջակցող գրեթե բոլորը (94 տոկոս) պատրաստ են քվեարկել նրա հաջորդի` նախագահի թեկնածու Հիլարի Քլինթոնի օգտին: Սակայն նրանց շրջանում, ովքեր հավանություն չեն տալիս երկրի ղեկավարի քաղաքականությանը, միայն 85 տոկոսն է պատրաստ քվեարկել հանրապետական Դոնալդ Թրամփի օգտին:
ԱՄՆ-ի նախագահի ընտրությունները տեղի կունենան նոյեմբերի 8-ին: Օբաման իր լիազորությունները պետության նոր ղեկավարին կփոխանցի հունվարի 20-ին:





























