Հարավային Սուդանում վերջերս տեղի ունեցած ռազմական գործողությունների ընթացքում ազգային բանակի զինվորները եւ անվտանգության ուժերի աշխատակիցները  սպանել եւ բռնաբարել են քաղաքացիական անձանց, թալան եւ պոգրոմներ են իրականացրել: Այդպիսին են ՄԱԿ-ի հովանավորությամբ անցկացված հետաքննության նախնական արդյունքները:   

ՄԱԿ-ի մարդու իրավունքների հարցերով գլխավոր հանձնակատար Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը` ՄԱԿ-ի գլխավոր իրավապաշտպանը, Անվտանգության Խորհրդին կոչ է արել այդ կապակցությամբ վճռական միջոցներ ձեռք առնել:  

Նա հայտնել է, որ ռազմական գործողությունների սկզբում հարյուրավոր գրոհայիններ եւ քաղաքացիական անձինք են սպանվել: Որոշ քաղաքացիական անձինք զոհվել են հակամարտող ուժերի միջեւ փոխհրաձգության ընթացքում:  Այլ խաղաղ բնակիչներ մահապատժի են ենթարկվել կառավարական բանակի զինվորների կողմից, որոնք, ամենայն հավանականությամբ, նպատակաուղղված գործողություններ են ձեռնարկել նուեր ազգության դեմ:   

Այսպես` հուլիսի 11-ին Մունուկի շրջանի Ջուբա քաղաքում խուզարկությունների ընթացքում Հարավային Սուդանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինվորները նուեր ազգության ութ քաղաքացիական անձի են ձերբակալել, նրանց հասցրել են մոտակա հյուրանոցներ եւ նրանցից չորսին գնդակահարել են:  Այդ օրը զինվորները ներխուժել են հիվանդանոցներից մեկը եւ նուերներից մի լրագրողի են գնդակահարել:   

Ընդհանուր առմամբ ՄԱԿ-ը փաստագրել է քաղաքացիական անձանց սպանության  73 դեպք: Սակայն փորձագետները մտավախություն ունեն, որ սպանվածների իրական թիվը կարող է զգալիորեն ավելի մեծ լինել: 

«Զինված բախումներն ուղեկցվել են կանանց եւ աղջիկների զանգվածային բռնաբարությամբ: Համազգեստով եւ քաղաքացիական հագուստով զինվորների կողմից խմբակային բռնաբարության դեպքեր են գրանցվել», -ասել է Գերագույն հանձնակատարը: Զեկույցի հեղինակները նշում են, որ սեռական չարագործությունները հիմնականում իրականացվել են Սուդանի Ժողովրդա-ազատագրական բանակի զինվորների կողմից:     «Մենք փաստագրել ենք Ջուբայում հուլիսի 8-ից 25-ին սեռական բռնության առնվազն   217 դեպք», - ասել է Զեյդ Ռաադ ալ-Հուսեյնը:

ՄԱԿ-ի գլխավոր հանձնակատարը Սուդանում հակամարտության կողմերին կոչ է արել վերականգնել երկխոսությունը եւ հասնել մեղավորների պատժմանը: Վերջերս Հարավային Սուդանի իշխանությունները հայտնել էին, որ հատուկ դատարան է ստեղծվել, որում կդատեն քաղաքացիական անձանց նկատմամբ հանցագործությունների համար մեղավոր զինվորներին: