Սաուդյան Արաբիայի կառավարությունն առաջարկել է օգնել բավարական Վյուրցբուրգ եւ Անսբախ քաղաքներում ահաբեկչական գործողությունների հետաքննության գործում: Խոսքը հնարավոր կազմակերպիչներին փնտրելու մասին է, որոնք կարող են գտնվել մերձավորարեւելյան թագավորությունում, հայտնում է Der Spiegel-ը:
Պարբերականը նշում է, որ Էր-Ռիյադը սովորաբար շատ զուսպ է գործում ահաբեկչական «Իսլամական պետություն» խմբավորման կամ այլ արմատական իսլամիստների հասցեին արտահայտվող կասկածներին ի պատասխան: Սակայն այս անգամ սաուդյաններն իրենք են առաջարկում «ամեն ինչ անել ահաբեկչական գործողությունների իսկական պատճառը պարզելու համար»:
Քննության տվյալների համաձայն, երկու ահաբեկիչն էլ հարձակումների իրականացումից կարճ ժամանակ առաջ ինտերնետ-չաթով կապ են հաստատել ԻՊ-ից հնարավոր կազմակերպիչների հետ: Համացանցում թողնված հետքերը տանում են դեպի Սաուդյան Արաբիայում մի հեռախոսահամար: Քննիչները ենթադրում են. տղամարդիկ ահաբեկչական գործողությունների կատարման վերաբերյալ ուղղակի հրահանգներ են ստացել:
Օրինակ` 17-ամյա ահաբեկչին, որը հուլիսի 18-ի երեկոյան հարձակվել էր Վյուրցբուրգում ուղեւորատար գնացքի ուղեւորների վրա, չպարզված զրուցակիցն առաջարկել է մեքենայով մտնել մարդկանց ամբոխի մեջ: Մյուսը մերժել է առաջարկը` վկայակոչելով վարորդական իրավունք չունենալը եւ հայտնել է գնացքում մարդկանց վրա հարձակվելու իր պլանների մասին:
Իսկ 27-ամյա սիրիացին, որը հուլիսի 24-ին Անսբախում պայթյուն էր կազմակերպել, ինքն է իր ծառայություններն առաջարկել ԻՊ-ի անհայտ ներկայացուցչին: Ի պատասխան նա ինքնապայթեցում նախապատրաստելու հրահանգներ է ստացել եւ հավաստիացումներ, որ ԻՊ-ը կստանձնի պատասխանատվությունը այդ ահաբեկչության համար:
Եթե սաուդյանները համագործակցեն ԳԴՀ-ում քննության հետ, դա կարող է օգնել պարզելու այն մարդու անձը, որը կապի մեջ է մտել ահաբեկչական գործողություններ կատարողների հետ, գրում է Spiegel-ը:





























