Իսպանիայի ոստիկանությունը հայտնել է Բարսելոնում այսպես կոչված «Վարդագույն հովազ» ավազակախմբի հինգ ենթադրյալ անդամի ձերբակալության մասին, որը զբաղվում է թանկարժեք զարդերի գողությամբ, հայտնում է Reuters-ը:
Կատալոնական ոստիկանության հատուկ նշանակության բրիգադը դարան է մտած եղել, երբ գողերը, որոնցից մեկը ատրճանակով զինված էր, փորձել են Բարսելոնի Պասեո դե Գրասիայի հայտնի պողոտայում թանկարժեք զարդերի խանութ թալանել: Գործողությունը լայնածավալ հետաքննության մաս էր կազմում, որում գործարկվել էին իսպանական, սերբական եւ գերմանական քրեական ոստիկանության ստորաբաժանումներ: Իրավապահներին հաջողվել է ապահովել թանկարժեք քարերի պահպանությունը, որոնք փորձել էր գողանալ ավազակախումբը:
«Վարդագույն հովազ» ավազակախումբն իր անվանումը ստացել է Լոնդոնում մի թալանից հետո, որը քրեական խմբի անդամների կողմից իրականացվել էր 2003-ին: Այն ժամանակ գողն ալմաստը թաքցրել էր դիմահարդարման քսուքի տարայում: Ինտերպոլի գնահատականների համաձայն, 1999-ից 2015 թթ-ին «Վարդագույն հովազ» ավազակախումբը 380 զինված հարձակում է իրականացրել եւ ավելի քան 334 մլն եվրոյի թանկարժեք զարդեր է գողացել:




























