Գերմանիայի ԱԳ նախարար Ֆրանկ Վարլետ Շթայնմայերը մերժել է Ավստրիայի պահանջը՝ Թուրքիայի՝ Եմ անդամակցության շուրջ խորհրդակցությունները դադարեցնելու վերաբերյալ, հաղորդում է DW-ն:

«Ես վախենում եմ, որ խնդիրը, որին մենք բախվել ենք, ավելի մեծ է, քան հարցը, թե ինչպես, ինչ տեմպերով կանցկացվեն ԵՄ անդամակցության բանակցությունները»,-հայտարարել է նա Շվեյցարիայի, Ավստրիայի, Լյուքսեմբուրգի, Լիխտենշտեյնի ԱԳ նախարարների հետ Վադուցում կայացած հանդիպման ժամանակ:

Շթայնմայերը հայտարարել է, որ չնայած Թուրքիայի հասցեին քննադատությունների հեղեղին, չի կարելի դադարեցնել երկխոսությունն Անկարայի հետ, քանի որ «Թուրքիան միշտ մնալու է մեր հարեւանը», որի հետ ԵՄ-ն կապված է «անհաշիվ» քաղաքական, տնտեսական եւ անձնական հարաբերություններով:

Լյուքսեմբուրգի ԱԳ նախարար Ժան Ասելբորնը հայտարարել է, որ նման բանակցությունների լրիվ դադարեցումն անհնար է ԵՄ օրենսդրությամբ:

Նշենք, որ ավելի վաղ Ավստրիայի ԱԳ նախարար Սեբաստիան Կուրցը հայտարարել էր, որ ներկա իրավիճակում հնարավորություն չի տեսնում ոչ Թուրքիայի՝ ԵՄ անդամակցության շուրջ բանակցությունների շարունակման, ոչ թուրքերի համար վիզային ռեժիմը հանելու համար: Ավստրիայի կանցլեր Քրիստիան Քերնը այդ գործընթացը «դիվանագիտական ձեւականություն» է անվանել: