Ֆիլիպինների նախագահ Ռոդրիգո Դյուտերտեն մտադիր չէ վերջ դնել թմրանյութի առեւտրականների սպանությունների պրակտիկային: Միաժամանակ նա հայտնել է, որ «իրեն չեն հետաքրքրում մարդու իրավունքները», հայտնում է AFP-ն:
Նրա խոսքով, «սպանելու նպատակով կրակելու» արշավը կշարունակվի մինչեւ իր նախագահական ժամկետի ավարտը: «Եթե մինչեւ այդ ժամանակը ես դեռ ողջ լինեմ», - նշել է ֆիլիպինյան 71-ամյա նախագահը` հավելելով, որ «իրեն չեն հետաքրքրում մարդու իրավունքները»: Դյուտերտեն նշել է, որ «գնդակահարության ցուցակում» առաջինը պետք է լինեն պետական պաշտոնյաները, որոնք իրենց դիրքն օգտագործում են թմրանյութի առեւտրին նպաստելու համար: Միաժամանակ այն զինվորներին եւ ոստիկաններին, որոնք սպանելու են թմրանյութի առեւտրականներին, նա անձնական երաշխիքներ է տվել, որ նրանք դատական հետապնդման չեն ենթարկվի:
Գործակալությունը նշում է, որ նախընտրական արշավի ընթացքում Դյուտերտեն խոստացել է տասնյակ հազարավոր հանցագործների ոչնչացնել: Նրա կողմից պաշտոնը ստանձնելուց հետո Ֆիլիպիններում թույլ են տվել կրակ բացել թմրանյութի առեւտրականների ուղղությամբ: Արդյունքում առանց դատի եւ քննության արդեն մոտ 800 մարդ է սպանվել:





























