Ճապոնիայի կայսր Ակիհիտոն գահից հրաժարվելու ցանկություն է հայտնել։ Բնակչությանը հղած տեսաուղերձում 82-ամյա կայսրը հայտարարել է, որ առողջական խնդիրները խանգարում են իրեն լիարժեք կատարել պարտականությունները։ Ընդ որում, Ակիհիտոն ուղիղ չի հայտարարել, որ ուզում է հրաժարվել գահից, քանի որ երկրի Սահմանադրության համաձայն՝ նա իրավունք չունի քաղաքական հայտարարություններ անել։

«Ես կարծում եմ, որ իմ պիտանելիության մակարդակն աստիճանաբար նվազում է, ինչը բարդացնում է իմ պարտականությունների կատարումը որպես պետության խորհրդանիշ»,– ասել է նա, փոխանցում է AFP–ն։

Ճապոնիայի սահմանադրության համաձայն՝ կայսրը ազգի միասնության խորհրդանիշն է, ընդ որում, ոչ մի քաղաքական իշխանություն չունի։