Թուրքիայի` միգրացիոն ճգնաժամի հանգուցալուծման վերաբերյալ ԵՄ-ի հետ կնքած պայմանագրից հրաժարումը Եվրոպայի համար ավերիչ հետեւանքների կհանգեցնի, կարծում է Իտալիայի ներքին գործերի նախարար Անջելինո Ալֆանոն, հայտնում է «ՌԻԱ Նովոստին»:
Նրա խոսքով, եթե Թուրքիան բացի դարպասները, դա ամբողջ Եվրոպայի համար ավերիչ մի բան կլինի: «Միջազգային հանրության ուշադրությունը եւ տագնապը պետք է մեծ լինեն», - Repubblica-ին տված հարցազրույցում հայտնել է ներքին գործերի նախարարը: Նախարարի խոսքով, 2015 թվականից մինչ օրս միգրացիոն հոսքերի վերահսկողության ուղղությամբ աշխատանքների շրջանակում իտալական իշխանությունները Միջերկրական ծովում 344 նավի ստուգում են իրականացրել, այնուամենայնիվ, իրավիճակը լուրջ մտավախություններ է առաջացնում: «Միգրացիան ճնշման հրեշավոր զենք է դառնում, այդ թվում նաեւ` դիվանագիտական հարաբերություններում: Թուրքիան իր տարածքում միլիոնավոր փախստականներ ունի», — ընդգծել է Ալֆանոն:





























