Պակիստանում ահաբեկչական գործողության զոհերի թիվն աճել է մինչեւ  93 մարդ: Տասնյակ մարդիկ վնասվածքներ են ստացել երկրի արեւմուտքում գտնվող Քվետտե պակիստանյան քաղաքում պայթյունի հետեւանքով: Ոստիկանության տվյալների համաձայն, պակիստանյան Քվետտե քաղաքի հիվանդանոցում պայթյունն իրականացրել է մահապարտը:  Սակայն ոչ մի խմբավորում առայժմ պատասխանատվություն չի ստանձնել ահաբեկչական գործողության համար: 

Քվետտեի հիվանդանոցներից մեկում պայթյունը որոտացել է գործնականում հուղարկավորության ընթացքում. նույն առավոտ Քվետտեում սպանվել էր հայտնի իրավաբան, Բելուջիստանի փաստաբանների ասոցիացիայի նախագահ Բիլալ Անվար Կազին: Նրան հրաժեշտ տալու համար հիվանդանոցում տասնյակ իրավաբաններ եւ լրագրողներ էին հավաքվել, որոնցից շատերը տեղում զոհվել են մահապարտ ահաբեկչի հարձակման հետեւանքով: 

Պաշտոնական տվյալների համաձայն, պայթյունի հետեւանքով վնասվածքներից  53 մարդ է մահացել, եւս մի քանի տասնյակ մարդ վիրավոր է, սակայն չինական  «Սինհուա» գործակալությունը, վկայակոչելով Բելուջիստանի նահանգի առողջապահության նախարարին, հաղորդել է  93 մարդու մահվան մասին: Առայժմ գործող խմբավորումներից ոչ մեկը պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար: 

Պակիստանի Իրավաբանների ասոցիացիայի ղեկավար Ալի Զաֆարը մահապարտի հարձակումը կոչել է  «հարձակում արդարադատության վրա»: Նրա խոսքով, զոհված իրավաբանների գործընկերները երեք օրով համազգային սուգ կհայտարարեն եւ ժամանակավորապես կհրաժարվեն իրենց պարտականությունների կատարումից, գրում է   «Կոմերսանտը»: