2015 թվականին աշխարհում ավելի քան 2,4 հազար մարդ էր ապրում ավելի քան 1 մլրդ դոլար կարողությամբ, ասված է Wealth-X կազմակերպության զեկույցում: Տարվա ընթացքում նրանց ընդհանուր կարողությունն աճել է 5,4 տոկոսով: Կազմակերպությունն ամեն տարի հաշվում է բարձր եկամտով մարդկանց թիվը, հայտնում է BBC-ն:
Աշխարհում միլիարդատերերի ընդհանուր կարողությունը 7,7 տրլն դոլար է կազմել: Միլիարդատերերի կարողության ընդհանուր չափն ավելի մեծ է, քան աշխարհի երկրների ընդհանուր ՀՆԱ-ն, ԱՄՆ-ինը եւ Չինաստանինը չհաշված:
Միլիարդատերերի մեծամասնությունը Եվրոպայում է ապրում. տարածաշրջանում միլիարդ դոլարից ավելի մեծ կարողությամբ 806 մարդ է ապրում: Տարվա ընթացքում Եվրոպայում միլիարդատերերի քանակն աճել է 4 տոկոսով: Նրանց ընդհանուր կարողությունը 2,3 տրլն դոլար է կազմել:
Հյուսիսային Ամերիկայում միլիարդատերերի քանակը մի քիչ ավելի փոքր է` 628 մարդ: Սակայն նրանք եվրոպացիներից ավելի հարուստ են. նրանց ընդհանուր կարողությունը գերազանցում է 2,5 տրլն դոլարը:
2015-ին Ասիան միլիարդատերերի թվի եւ նրանց հարստությունների հետեւողական աճ է արձանագրել: Հարուստների թիվն անցյալ տարի աճել է 15,2 տոկոսով` մինչեւ 645 մարդ, իսկ ընդհանուր կարողությունը` 19,6 տոկոսով, մինչեւ 1,7 մլրդ դոլար:
Նավթով հարուստ Մերձավոր Արեւելքում 166 միլիարդատեր է ապրում, որոնք 450 մլրդ դոլարի են տիրապետում:
Հարուստներ կան նաեւ Աֆրիկայում. մայրցամաքում 41 միլիարդատեր է ապրում 98 մլրդ դոլար ընդհանուր կարողությամբ:
Միլիարդատերերի թվում կանայք շատ քիչ են, ընդամենը` 294 մարդ: Ընդհանուր առմամբ նրանք 876 մլրդ դոլար ունեն:
Միլիարդատեր տղամարդկանց միջին տարիքը 63,2 տարի է, իսկ միլիարդատեր կանանցը` 62,2 տարի: Համաշխարհային միլիարդատերերի 85 տոկոսն ամուսնացած է:
Համաշխարհային միլիարդատերերի 70 տոկոսը բակալավրի աստիճան ունի, մոտ 22 տոկոսը մագիստրոս է դարձել, 13 տոկոսը MBA է ստացել, իսկ 9,5 տոկոսը` գիտությունների դոկտորի աստիճան:
Կազմակերպության տվյալների համաձայն, համաշխարհային միլիարդատերերի 56 տոկոսն իր կարողությունն ինքնուրույն է վաստակել: 13 տոկոսը ժառանգել է այն, իսկ 31 տոկոսը մասամբ ժառանգել է կարողությունը, մասամբ էլ` վաստակել:




























