Ֆրանսիական Մոնլյուսոն քաղաքի (Ալյեի դեպարտամենտ) քաղաքապետը հրաժարվել է Աբդել Մալիք Փըթիժանի հուղարկավորության թույլտվություն տալ. նա մեկն էր այն ահաբեկիչներից, որոնք հարձակվել էին Սենտ-Էտյեն-դյու-Ռուվրե եկեղեցու վրա եւ սպանել էին   85 տարեկան հոգեւորականին, հայտնում է RFI-ն: 

Հուղարկավորման թույլտվությունը խնդրել էր նրա ընտանիքը, որն ապրում է այլ դեպարտամենտում  (Սավոյա), Էքս-լը-Բան քաղաքում: Աբդել Մալիք Փըթիժանի մայրը ցանկացել էր, որ նա հուղարկավորվի Մոնլյուսոնում, որովհետեւ մինչեւ   2012 թվականն ամբողջ ընտանիքն այդ քաղաքում էր ապրում: Նա նաեւ տեղի թերթի լրագրողներին պատմել է, որ պատրաստվում է տեղափոխվել Ալյեի դեպարտամենտ, որովհետեւ   «իրեն անվտանգ չի զգում» իր ներկայիս բնակավայրում:

Սակայն Մոնլյուսոնի աջակողմյան Հանրապետական կուսակցության անդամ քաղաքապետը մերժել է ահաբեկչի ընտանիքի խնդրանքը: Նա իր որոշումը բացատրել է վարչական ձեւականություններով: «Հուղարկավորության թույլտվություն ստանալու համար անհրաժեշտ է բավարարել 4 պահանջ. պետք է կամ մահանալ այդ համայնքում, կամ մշտապես ապրել այնտեղ, կամ ընտանեկան գերեզման ունենալ, կամ էլ գրանցված լինել ընտրողների ցուցակում: Այդ պայմաններից ոչ մեկը բավարարված չէ: Ես ընդամենը կատարում եմ Հանրապետության օրենքի պահանջները»,- «Ֆրանս պրես» գործակալության լրագրողին հայտնել է նա: