Մեծ Բրիտանիայի միջազգային առեւտրի նոր նախարար Լիամ Ֆոքսը  Ադրբեջանի իշխող վերնախավի հետ մերձ հարաբերությունների շնորհիվ շատ արտոնություններ է ստացել, նշված է The Guardian-ում հրապարակված հոդվածում:

Բրիտանացի խորհրդարանականների շահերի ռեգիստրի տվյալների համաձայն՝ «Մոտեցող մակընթացություն. Նոր դարաշրջանի մարտահրավերները դիմավորելով» գրքի ադրբեջաներեն թարգմանության համար Ֆոքսը Լոնդոնում լոբբիստների միջոցով Ադրբեջանի բռնապետական ռեժիմից 5.700 ֆունտ է ստացել: Ավելին՝ 2015-ի փետրվարին Ֆոսքը մասնակցել է Ստամբուլում իր գրքի շնորհանդեսին, որտեղ Ադրբեջանի հաշվին կանգ է առել շքեղագույն հյուրանոցում: Չորսօրյա ուղեւորությունն արժեցել է 3,5 հազար ֆունտ: Դրանից բացի, քաղաքական գործիչը նաեւ Բաքու է այցելել, որտեղ նրան ընդունել է երկրի նախագահ Իլհամ Ալիեւը: Թերթը հիշեցնում է, որ պանամական փաստաթղթերի համաձայն՝ Ալիեւները եւ նրանց հովանավորյալները տնօրինում են 490 մլն դոլարի գումար:

Սակայն ամենակարեւորն այն է, որ այժմ Ֆոքսը կհայտնվի բարդ վիճակում, քանի որ նոր վարչապետ Թերեզա Մեյը կանգնեցրել է առեւտրական գործարքների կնքումն ամբողջ աշխարհում դեմոկրատական եւ բռնապետական, այդ թվում՝ Ադրբեջանի կոռումպացված ռեժիմի հետ:

Հոդվածի հեղինակ Նիք Քոենն ընդգծում է՝ ակնհայտ է, որ Ադրբեջանի հետ գործարքը սովորական «հրատարակչական գործարք» չէր, քանի որ գրքի թարգմանությունը հրատարակվել է ադրբեջանական լոբբիստական կազմակերպության՝ «Եվրոպական ադրբեջանական միության» (TEAS) կողմից: Այս կազմակերպությունն էլ վճարել է Ֆոքսի թռիչքները եւ հյուրանոցներում նրա կեցությունը: