Ազգային անվտանգության հարցերի նախկին խորհրդականներ, հետախուզության ղեկավարներ եւ առեւտրային ներկայացուցիչներ, ընդհանուր առմամբ՝ 50 նախկին հանրապետականներ, նամակ են ստորագրել, որում հայտարարել են. «Մեզանից ոչ ոք չի քվեարկի Դոնալդ Թրամփի օգտին»: Այս մասին հաղորդում է Ամերիկայի ձայնը:

Նամակի հեղինակները հանրապետական մի շարք նախագահների՝ Ռիչարդ Նիքսոնից մինչեւ Ջորջ Բուշ-կրտսերը, վարչակազմերի աշխատակիցներ են:

Այն կուսակիցների կողմից Թրամփի նախընտրական արշավի առիթով արված ամենաքննադատական հայտարարությունն է: Կտրուկ գնահատականներ պարունակող նամակում նշվում է, որ Թրամփը ոչ միայն նախագահի համար անհրաժեշտ հատկանիշներ չունի, այլեւ վտանգավոր գլխավոր հրամանատարն ու «ամերիկյան պատմության ամենից անշրջահայաց նախագահը» կլինի:

«Նա արժեքներ եւ փորձ չունի: Նա կթուլացնի ԱՄՆ-ի բարոյական հեղինակությունը: Նա ունակ չէ կառավարել ինքն իրեն, չի հանդուրժում անձնական քննադատությունը: Իր անկանխատեսելի պահվածքով նա մտահոգել է մեր մերձավոր դաշնակիցներին»,- ասված է նամակում:

«Այս ամենը վտանգավոր է մի մարդու համար, ով ցանկանում է նախագահ եւ գլխավոր հրամանատար դառնալ, ում տրամադրության տակ է լինելու ԱՄՆ-ի միջուկային զինանոցը»,- ասված է նամակում: