Հայաստանի Կոտայքի մարզի Արամուս գյուղի մոտ հայ հնագետներն ավստրիացի գործընկերների հետ եզակի հնագույն հուշարձան են ուսումնասրում: Վերջին տվյալներով՝ ուրարտական շրջանի ամրոցի տարածքում ավելի վաղ շրջանի շինությունների մնացորդներ են հայտնաբերվել: Վկայություններ կան այն մասին, որ ամրոցը ծառայել է նաեւ Ուրարտուի անկումից հետո: Այս մասին սեպտեմբերի 15-ին լրագրողներին հայտնեց Երեւանի պետական համալսարանի հնագիտության եւ ազգագրության ամբիոնի վարիչ Հայկ Ավետիսյանը:
Նրա խոսքով՝ այստեղ պեղումները սկսվել են դեռեւս 10 տարի առաջ: Էթիունի երկրի մայրաքաղաք Դարանիի նվաճման մասին ուրարտական Արգիշտի արքայի թողած արձանագրության հետքերով գնահետները գտել են ուրարտական այս ամրոցը, բայց պեղումները ցույց են տվել, որ այստեղ հնագիտական մի քանի շերտ կա:
Պեղումները բացել են բրոնզե-երկաթե դարի մարդկանց կենսագործունեության հետքեր, այնուհետեւ ուրարտական մշակույթի շերտ կա, իսկ հետո՝ հելենիստական ժամանակաշրջանի եւ միջին դարերի: Արամուսը, փաստորեն, բազմաշերտ հնագիտական հուշարձան է:
Հայկ Ավետիսյանի խոսքով՝ ուրարտական մշակույթին հատուկ իրերից բացի, այստեղ նաեւ տեղաբնակների արհեստագործական իրեր են հայտնաբերել:
Պեղումների վերջին օրերին այստեղ սկյութական նմուշի եռաթեւ նետասլաք են գտել: Եվ դեռեւս հարկավոր է բացատրություն գտնել, թե այն ինչպես է հայտնվել այս վայրում:





























