«Սիվիլիթաս» հիմնադրամը հերթական հանրային քննարկումն է նախաձեռնել: Այս անգամ թեման գրող, հրատարակիչ, գրականության տարածող շղթան է, որի շնորհիվ հասարակությունը կարդալու եւ տեղակացված լինելու հնարավորություն է ստանում:
«Անի» հյուրանոցում կազմակերպվել էր քննարկում «Ո՞վ է ընթերցողը, ի՞նչ է նրան մատուցվում, և որքանով է դրանով հետաքրքրված հասարակությունը» թեմայով: Քննարկման մասնակիցներն էին գրող, բանաստեղծ Կարեն Անտաշյանը, «Անտարես» հրատարակչության տնօրեն Արմեն Մարտիրոսյանը, ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանը:
«Գրողը եւս ուզում է առողջ, գեղեցիկ, հաջողակ, բարեկեցիկ կյանքով ապրել»,-համոզված է բանաստեղծ Կարեն Անտաշյանը: Նա դժգոհեց, որ 500 օրինակով հրատարակել է բանաստեղծությունների գիրք, որից ընդամենը 200-ն է վաճառվել: «Թեկուզ 500-ն էլ վաճառվեն` մեծ շահ հնարավոր չէ ակնկալել»,-ասաց բանաստեղծը:
Ովքե՞ր կարող են նրան օգնել` ինտերնետը, հրատարակչությունները, հեռուստատեսությունը: «Մենք պետք է խթանենք վաճառքը եւ ամենահեշտ ու էժան տարբերակը ինտերնետն է: Մենք ուղղակի առանց որեւէ վարձատրության դնում ենք մեր կայքերում: Բայց զանգվածային քարոզման ամենաուժեղ միջոցը հեռուստատեսությունն է: Այսօր չկա մի հաղորդում, որը գոնե հինգ րոպե ներկայացներ նախորդ ամիս հրատարակված գրքերը: Մեր պետությունը քնած է այդ առումով: Եթե հրատարակիչները միավորվեին եւ մի հաղորդում նախաձեռնեին` լուրջ ներդրում կլիներ: Պետք է քարոզել, որ ինտելեկտուալ լինելը, գիրք կարդալը, գիրք նվիրելը նորաձեւ է… սա պետք է քարոզել: Անցել են ժամանակները, երբ գրողները անթրաշ, վատառողջ, 30 տարեկանում թոքախտից մեռնող մարդիկ էին»,-ասաց նա:
Հրատարակիչ Արմեն Մարտիրոսյանը չի ընդդիմանում բանաստեղծին. «Հրատարակչությունը շահավետ բիզնես չէ, եթե դասագրքեր եւ պարտադիր վաճառքի ենթակա գրքեր չեն տպում»: Ելքը, նրա համոզմամբ այն է, որ գրադարանները գիրք գնելու փող ունենան, իսկ այսօր «դրանց մեծ մասը փակ է, իսկ գրքերը փտում են»: Ովքեր են մեղավոր` հրատարակչի մեղադրյալների ցուցակն ավելի լայն է` պետությունը, հասարակությունը, գրողները, հրատարակիչները, ընթերցողները: Բոլորն, ըստ նրա հասկացել են` գիրքը, ինտելեկտը չի ոգեւորում: «Մեզ մոտ չկա որեւէ այլ ապրանք ավելի էժան, քան գիրքը: Հասարակությունը չի գնահատում միտքը: Եվ մեղքի բաժին ունեն բոլորը` պետությունը, հասարակությունը, գրողները, հրատարակիչները, ընթերցողները: Եթե երեխան տեսնում է, որ կարողության է հասնում գողը, խաբեբան, հաստավիզը` ուզում է դառնալ նրանց նման: Լավ մեքենա վարում է նա, ով ինտելեկտ չունի, խաբեբա է»,-ահա Արմեն Մարտիրոսյանի դատավճիռը:
ԱՄՆ դեսպանատան ինֆորմացիոն կենտրոնի տնօրեն Ներսես Հայրապետյանի դեղատոմսը Արմեն Մաարտիրոսյանի սրտով է` եթե այսօր եղած գրադարանների գոնե 200-ը կարողանար գիրք գնել, ապա հրատարկչական բիզնեսը շահավետ կլիներ: «Գիրքը ոտք չունի որ հասնի ընթերցողին: Այդ ոտքերը գրախանութներն են, գրադարանները, նաեւ` ինտերնետը»,-ասաց նա:
«Սիվիլիթաս» հիմնադրամի ղեկավար Վարդան Օսկանյանը համաձայն է, որ գրականության նկատմամբ հետաքրքրություն չկա: «Անհրաժեշտ է, որ չքաղաքականացվեն, չիշխանականացվեն մեր գրողների ստեղծագործությունները»,-հռչակեց Վարդան Օսկանյանը, որի համոզմամբ այսօր խնդիր է դրված լուծել հաջորդ սերնդի կրթության հարցը: Ո՞վ կարող է օգնել, որ այս հարցը լուծվի: «Պետությունը»,-ասաց նախկին արտգործնախարարը:
Քննարկմանը մասնակիցների մեծ մասը վստահ էին, որ պետք է հայ հասարակությանը պատրաստել էլեկտրոնային հեղափոխության` թուղթն այլեւս արդիական չէ:



























