Ընդդիմադիր Հայ ազգային կոնգրեսի ներկայացուցիչներին հաջողվել է Եվրոպայի Խորհրդի «ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովի մասնակիցներին հանձնել ՀԱԿ-ի կազմած փաստաթուղթը: Ընդ որում, փաստաթուղթը ԵԽ համաժողովի պատվիրակներին է հանձնել «Ժառանգություն» խմբակցության պատգամավոր Զարուհի Փոստանջյանը, քանի որ ոստիկանության աշխատակիցները համառորեն արգելել են ՀԱԿ-ի ներկայացուցիչներին մոտենալ կառավարության ընդունելությունների տանը:
Փաստաթղթում ընդդիմությունը փաստում է, որ Հայաստանն այդպես էլ չի կատարում ԵԽՎՎ բանաձեւի պահանջները:
Բողոքի գործողության վայր է ժամանել նաեւ ՀԱԿ գրասենյակի համակարգող Լեւոն Զուրաբյանը, ով տեղեկացրել է, որ Հայաստանի առաջին նախագահ Լեւոն Տեր-Պետրոսյանը հանդիպել է Հայաստանի հարցով համազեկուցող Ջոն Պրեսկոտի հետ: Միաժամանակ, Զուրաբյանը նշել է, որ ընդդիմությունն ակնկալիքներ չունի նման հանդիպումներից: «Սա պարզապես հարմար առիթ է Եվրոպայի Խորհրդի ներկայացուցիչներին ներկայացնել Հայաստանի իրավիճակը: Ժողովրդավարությունը, ազատությունը ձեռք են բերվում համառ պայքարի արդյունքում»,- նկատել է Լեւոն Զուրաբյանը:
Նշենք, որ Հայաստանում ընթանում է Եվրոպայի Խորհրդի «ժողովրդավարություն հանուն ապագայի» համաժողովը: Ընդդիմության մի քանի հարյուր ակտիվիստներ բողոքի գործողություն են իրականացնում համաժողովի մասնակիցների ուշադրությունը Հայաստանի խնդիրների վրա բեւեռելու նպատակով:




























