Ոգելից խմիչքներն ավանդաբար առաջին տեղերն են զբաղեցնում Հայաստանի արտահանման վարկանիշում։ Նկատենք, որ ընդամենը երեք ապրանքային խմբերը (պղնձի խտանյութ, ծխախոտ ու այդ նույն ոգելից խմիչքները) ապահովում են մեր արտահանման մոտ 40 տոկոսը։ Այդ ցուցանիշը արտացոլում է՝ ժամանակին խոստացված, բայց այդպես էլ չկատարված ապրանքների արտաքին իրացման դիվերսիֆիկացման իրական պատկերը։ Հավելենք, որ ոգելից խմիչքին է բաժին հասնում Հայաստանի արտահանման ծավալի գրեթե 9 տոկոսը։

Մյուս կողմից էլ, այդքան բարձր մասնաբաժինը վկայում է հայրենական թունդ սպիրտային ըմպելիքների (հիմնականում հայկական կոնյակի) պահանջարկի մասին մի շարք երկրներում։ Առաջին հերթին Ռուսաստանում, որին բաժին է ընկնում մեր կոնյակի արտահանման առյուծի բաժինը։ Այս տարվա հունվար-հունիս ամիսներին մեր հյուսիսային հարեւանի տեսակարար կշիռը ոգելից խմիչքի արտահանման ընդհանուր ծավալում գերազանցել է 88 տոկոսը։

Անցած տարվա նույն ժամանակաշրջանում այդ ցուցանիշը զգալիորեն քիչ էր՝ մոտ 72 տոկոս։ Բանն այն է, որ Ռուսաստանի տնտեսության ճգնաժամային երեւույթները, բացի ամենայնից, անդրադարձել են նաեւ այդ երկրում հայկական կոնյակի իրացման վրա։ Պատճառը ռուսական միջին խավի իրական եկամուտների կրճատումն է, քանի որ միջին խավը այդ երկրում հայկական կոնյակի հիմնական գնորդն է։

Կոնյակ արտադրողները, չցանկանակով կորցնել ռուսական ընդարձակ շուկան, գնացել են հարկադիր քայլի՝ նվազեցրել իրացման գները։ Հունվար- հունիս ամիսներին Ռուսաստան արտահանվող ոգելից խմիչքների միջին գինը նվազել է 2․2 դոլարով, հասնելով 1 լիտրի դիմաց 6․85 դոլարի (100 տոկոսանոց սպիրտի հաշվարկով)։ Բացառված չէ, որ գների նվազման հետ միաժամանակ տեղի են ունեցել կառուցվածքային տեղաշարժեր արտահանման մեջ, ի օգուտ համեմատաբար էժան ըմպելիքների։

Ոգելից խմիչքի արտահանման համեմատաբար փոքր մասը (2 տոկոս այս տարվա հունվար- հունիսին) բաժին է հասնում Իրաքին։ Այդ երկիր են հիմնականում արտահանում այսպես կոչված “վիսկին”, որն արտադրում է հայտնի պատգամավորի ու գործարարի ընկերությունը։

Օրերս Իրաքի խորհրդարանն արգելել է ոգելից ըմպելիքների վաճառքը, ներմուծումն ու արտադրությունը։ Այդ երկրում շարունակվում են կառավարական զորքերի ( որոնց աջակցում են քրդական ու այլ ռազմական խմբավորումները) դաժան մարտերը «Իսլամական պետության» զինյալների հետ։ Թե որքանով էր այդ ֆոնին արդիական այդ արգելքի ընդունումը՝ մնում է միայն կռահել։

 Որոշ արտասահմանյան լրատվամիջոցներում նկատվում է տեսակետ, որ այս օրենքը կշրջանցի Իրաքի Քուրդիստանը։ Հայտնի է, այդ ինքնավարությունում ոգելիցի նկատմամբ ավելի հանդուրժողական վերաբերմունքէ, քան երկրի մյուս շրջաններում։ Հիմա, երբ Իրաքի կենտրոնական իշխանությունները քրդական ռազմական աշխարհազորի աջակցության կարիքն ունեն, կասկածելի է, որ ոգելիցի նկատմամբ տարաձայնությունները հակամարտության պատճառ դառնան։ Համենայն դեպս, այդ երկիր հայկական «վիսկիի» արտահանման հարցը կպարզվի մոտ ապագայում։

Սմբատ Գրիգորյան