2016 Global Software Survey հետազոտության տվյալների համաձայն՝ Հայաստանում համակարգիչների 86 տոկոսը չլիցենզավորված ծրագրային ապահովում (ԾԱ) ունեն: Microsoft-ի հայկական գրասենյակի տնօրեն Լիանա Կորտոկյանը լրագրողներին հայտնեց, որ սա աշխարհում ամենաբարձր ցուցանիշներից մեկն է. ապօրինի ավելի շատ սոֆթ են օգտագործում միայն Վենեսուելայում (88 տոկոս) եւ Զիմբաբվեում (90 տոկոս): Իսկ աշխարհում միջինը ծրագրային ապահովման միայն 30 տոկոսն է չթույլատրված, եվրոպական երկրներում՝ 29 տոկոսը:
Լիանա Կորտոկյանի խոսքով՝ Հայաստանում լիցենզավորված ԾԱ է տեղադրված հիմնականում բանկերի համակարգիչներում, իսկ անցյալ տարվանից սկսած՝ նաեւ պետական հաստատություններում: Իսկ կոմերցիոն ոլորտում հիմնականում օգտագործում են ապօրինի ԾԱ-եր, որը մեծ վտանգների հետ է կապված։ Այդ կազմակերպություններում, որպես կանոն, տեղեկատվական անվտանգության մասնագետներ չկան, իսկ հրավիրված ՏՏ մասնագետների համար ավելի հեշտ է ներբեռնել եւ ապօրինի սոֆթ տեղադրել, քան բացատրել, թե ինչու արժե թույլատրվածը գնել:
Տնօրենի խոսքով՝ չլիցենզավորված ԱԾ-ի այսպիսի զանգվածային օգտագործումը ոչ միայն ԾԱ արտադրող ընկերությունների համար է լուրջ վնասների հանգեցնում, այլեւ բացասաբար է անդրադառնում երկրի հեղինակության վրա: Դրանից զատ, ապօրինի սոֆթը լուրջ սպառնալիք է ինչպես առանձին ֆիրմայի, այնպես էլ ամբողջ երկրի քիբերանվտանգության համար:
Microsoft-ի տեղեկատվական անվտանգության ծրագրի ղեկավար Արտեմ Սինիցինն, իր հերթին, նշեց, որ եթե նախկինում կոտրում էին միայն առանձին ընկերությունների կայքերը, ապա հիմա համացանցային սպառնալիքների խնդիրը միջպետական մակարդակի է հասել: Երկրների կառավարությունները սկսել են հասկանալ, որ քիբերզինվորներ՝ հաքերներ պահելը բավական շահավետ է եւ համաշխարհային քիբերտարածքում ընթացող «մարտերում» առավելություն է ապահովում: Մասնագետների խոսքով՝ չլիցենզավորված ԾԱ-ն համակարգիչը, ցանցը եւ նույնիսկ երկիրը «քիբերզինվորների» հարձակումների դեմ շատ ավելի խոցելի է դարձնում:
Արտեմ Սինիցինը մի օրինակ հիշեց, որն ակնառու կերպով ցուցադում է, թե ինչպես կարող է անհայտ ծագմամբ սոֆթը խաթարել պետական կարեւորության կառույցի աշխատանքը. բոլորովին վերջերս Իսրայելի Բեն Գուրիոնի համալսարանի հետազոտողները զեկույց են նեկայացրել, որում նկարագրված է հարձակման հետաքրքիր սցենար. համացանցային ոչ մեծ բոթերը, որ կազմված էին ընդամենը 6000 վարակված սմարթֆոններից, կարող են ԱՄՆ-ի մեկ նահանգում լուրջ խափանումներ առաջացնել 911 արտակարգ ծառայության աշխատանքում, իսկ վարակված 200 հազար սարքի օգտագործումը կարող է 911 ծառայության աշխատանքի խափանման հանգեցնել երկրի ամբողջ տարածքում: Ըստ էության, նշված հետազոտողները նկարագրել են հեռախոսային DoS-հարձակումը այսպես կոչված TDoS ծառայության վրա: Վիրուս պարունակող ԾԱ-ն այդ 6000 հեռախոսների օգտատերերը տեսականորեն կարող են ներբեռնել, օրինակ, Google Play ծառայությունից որեւէ հավելվածի տեսքով: Այնուհետեւ վարակված սարքերը հրաման կստանան մշտապես հավաքել 911 համարը, ինչը կխաթարի ծառայության աշխատանքը եւ թույլ չի տա նրան միանալ այն մարդկանց, ովքեր իսկապես օգնության կարիք ունեն:
Սա ընդամենը մեկ օրինակ է, թե ինչպիսի լուրջ վտանգ կարող է ներկայացնել անհայտ ծագմամբ հավելվածների կամ ծրագրերի օգտագործումը ոչ միայն կոնկրետ օգտատիրոջ (որից այդպիսի ԾԱ միջոցով կարող են անձնական տվյալներ գողանալ), այլեւ ամբողջ համակարգի, ծառայության եւ անգամ երկրի համար:




























