Կառավարության նոր ծրագրում ներառված է 3 կետ գիտության մասին, որոնցից մեկը նախատեսում է ֆինանսական միջոցները վերաբաշխել կիրառական ոլորտի օգտին: Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է ԿԳՆ Գիտության պետական կոմիտեի փոխնախագահ Վարդան Սահակյանը:

Նրա խոսքով՝ Կառավարության ծրագրի առաջին կետը վերաբերում է գիտական աստիճանների համակարգի մոդերնիզացմանը: Մասնավորապես, նախատեսվում է 2 գիտական աստիճանից՝ թեկնածուից եւ դոկտորից անցում կատարել մեկ աստիճանի՝ դոկտորի, ինչպես ընդունված է արտասահմանում: Ընդ որում, կվերանայվեն ասպիրանտի աշխատանքի եւ գիտական դիսերտացիայի պահանջները: Վարդան Սահակյանը հայտնեց, որ Գիտության պետական կոմիտեն եւ ԳԱԱ-ն, միջոցառումների ծրագիր են մշակել 2017-ին նման համակարգի անցնելու համար:

Կառավարության ծրագրի երկրորդ կետը վերաբերում է ղեկավար պաշտոնյաների տարիքային սահմանափակումներին: Առավելագույն տարիքային շեմը պետք է լինի 70 տարեկանը:

Գիտնականի խոսքով՝ Հայաստանում գիտության կադրային ներուժի վերլուծությունը ցույց է տալիս, որ կան որոշակի թվով մինչեւ 35 տարեկան երիտասարդ գիտաշխատողներ: Երիտասարդների համար գիտությունը գրավիչ դարձնելու եւ ուղեղներիի արտահոսքը կանգնեցնելու հնարավորություններից մեկը արդար կարիերային աճ ապահովելն է: Եվ ղեկավարների տարիքային սահմանափակումը պետք է ուղղված լինի հենց դրան:

Գիտության մասին երրորդ կետի համաձայն՝ գիտության ֆինանսավորման հիմնական մասը պետք է ուղղվի կիրառական եւ փորձա-կոնստրուկտորական ծրագրերին:

Վարդան Սահակյանը հիշեցրեց, որ Հայաստանում գիտական հետազոտությունների մեծ մասը հիմնարար հետազոտություններ են, իսկ դրանց բաժին է հասնում ֆինանսավորման 70-80 տոկոսը:

Գիտնականը նշեց, որ հիմնարար գիտության դերը չի կարելի թերագնահատել, եւ հիմնարար հետազոտությունները այն միջավայրն են, որտեղ ծնվում է կիրառական գիտությունը: «Առհասարակ հստակ տարանջատել գիտությունը հիմնարարի եւ կիրառականի, հնարավոր չէ, դա շատ պայմանական բաժանում է: Կա գիտություն եւ գիտության կիրառում»,- ասել է նա՝ հիշեցնելով, որ Հայաստանը գիտական հրապարակումների թվով տարածաշրջանում բարձր դիրքեր է զբաղեցնում: Բայց փորձը ցույց է տալիս, որ հաջող են այն երկրները, որտեղ ֆինանսական առումով առաջնայինը կիրառական գիտությունն է, եւ այն ստանում է ֆինանսավորման 70-80 տոկոսը: «Եվ մենք մտադիր ենք 2018-ից նման մեխանիզմներ կիրառել, որպեսզի հիմնական հետազոտությունները կիրառական բնույթ կրեն»,- ասաց նա: