Համացանցից օպերացիոն համակարգ բեռնելն ու ցանցահենային տարբերակը տեղադրելը հեշտ է եւ հարմար, թեկուզ միայն այն բանի համար, որ դրա դիմաց չես վճարում: Սակայն նման ծրագրերը կարող են լուրջ վտանգ ներկայացնել, ընդ որում, ոչ միայն սովորական օգտատերերի, այլ նաեւ կոմերցիոն կազմակերպությունների եւ անգամ պետության համար: Microsoft-ի արտոնագրված ծրագրային ապահովման զարգացման բաժնի ղեկավար Դմիտրի Բերեսնեւը եւ Microsoft-ի ինֆորմացիոն անվտանգության բաժնի պետ Արտյոմ Սինիցինը պատմել են, թե ինչ վտանգներ կարող են թաքցնել անվճար ցանցահենային տարբերակները:

Օգտատեր

Դմիտրի Բերեսնեւը պնդում է, որ ցանցահենային հասանելի տարբերակների 96 տոկոսը մոդիֆիկացված են: Դա նշանակում է, որ դրանցում կան վնասակար կոդեր, որոնք արտոնագրված տարբերակում ի սկզբանե չեն եղել, եւ դրանք հաքերներին հնարավորություն են տալիս համակարգիչն եւ դրա օգտատիրոջն օգտագործել իրենց նպատակների համար: Իսկ նպատակները կարող են տարբեր լինել՝ անցանկալի գովազդի ցուցադրումից մինչեւ անձնական տվյալների՝ գաղտնաբառերի, բանկային քարտերի եւ բանկային  հաշիվների մասին տեղեկությունների գողություն:

Վարակված համակարգիչներն ու սմարթֆոնները կարող են նաեւ օգտագործվել որպես բոտ ցանցի մաս չարագործների շահերին ծառայող համատեղ գործողություններ իրականացնելու համար, օրինակ, սպամ տարածելու, ծածկաբառեր հավաքելու եւ DDoS հարձակումների համար:

Նրա խոսքով՝ համացանցում Windows-ի («ZverCD») առավել տարածված ցանցահենային տարբերակը 63 խոցելիություն ունի: Օրինակի համար նա բեռնել եւ տեղադրել է առաջին 100 ծրագրային ապահովումները, եւ նրանցից 92-ում հակավիրուսային ծրագիրը վիրուսներ է գտել: Նման ծրագրերը անխափան չեն աշխատի, իսկ վիրուսները օգուտ են բերում միայն նրանց այդտեղ խցկողներին:

Կոմերցիոն կազմակերպություն

Չարտոնագրված ծրագրային ապահովման օգտագործումը բիզնես ընկերություններում նույնպես ռիսկային է ինչպես իրավաբանական, այնպես էլ տեղեկատվական անվտանգության առումով: Վնասակար կոդերը կարող են գողանալ անձնական տվյալները, սակայն եթե վերոնշյալ դեպքում խոսքը միայն օգտատետերի բանկային հաշիվների մասին էր, ապա այստեղ՝ ամբողջ ընկերության, դրա գաղտնի տվյալների, ֆինանսական գործարքների մասին: Դրանք կարող են հայտնվել ցանցահենների կամ մրցակից ընկերությունների ձեռքում պարզապես որովհետեւ ընկերության համակարգիչների վրա ցանցահենային ծրագրային ապահովում է տեղադրված:

ԱՄՆ Բիզնեսի անվտանգության դաշինքի հետազոտության տվյալների համաձայն (BSA, Business Security Alliance)`յուրաքանչյուր 2-րդ կազմակերպություն առնվազն մեկ անգամ կարեւոր կորպորատիվ տվյալներ է կորցրել կիբերհարձակումների արդյունքում: BSA մեկ այլ հետազոտության  համաձայն՝ 2015-ին Կենտրոնական եւ Արեւելյան Ասիայի կոմերցիոն կազմակերպությունները 3.136 մլրդ դոլարի կորուստ են կրել ցանցահենային սոֆտի օգտագործման պատճառով:

Պետություն

Ծրագրային ապահովման խոցելիությունը ինչ-որ մեկի շահերին օգտագործելը կարող է լինել պետական մակարդակով՝ մի երկիրը կարող է դրանց օգնությամբ գաղտնի տվյալներ ստանալ մեկ այլ երկրի մասին եւ խանգարել այդ պետության աշխատանքին:

Այն մասին, որ 6000 սմարթֆոնների վրա տեղադրվաած մեկ բջջային հավելվածի օգնությամբ կարելի է լուրջ խափանումներ առաջացնել ԱՄՆ 911 ծառայության աշխատանքում, արդեն պատմել են Բեն Գուրիոնի համալսարանի իսրայելացի գիտնականները: