Ներկա սեզոնը բավականին անբարենպաստ է հանրապետության բուսագործության համար։ Հունվար-սեպտեմբեր ամիսների տվյալներով ոլորտի համախառն արտադրանքի ծավալը տարեկան կտրվածքով կրճատվել է 6 տոկոսով։ Ամիսների կտրվածքով ամենամեծ անկումը թերեւս սեպտեմբերին էր՝ գրեթե մեկ քառորդի չափով։ Այդ տեղաշարժերը հիմնականում պայմանավորված են եղել բանջարեղենի ու մրգերի՝ նաեւ խաղողի բերքի ծավալի կրճատումով։
Պաշտոնական վիճակագրությունը տեղեկությունները ներկայացնում է բուսագործության արտադրանքի առանձին տեսակների համար հունվար- սեպտեմբեր կտրվածքով։ Բայց հասկանալի է, որ խաղողի վերաբերյալ տվյալները վերաբերում են դրա զանգվածային հավաքի սկզբին՝ սեպտեմբերին։ Եվ այսպես հունվար- սեպտեմբեր ամիսներին, տոկոսային հարաբերությամբ բերքի ծավալում ամենամեծ անկումով խաղողն է առանձնացել՝ տարեկան կտրվածքով ավելի քան 38 տոկոսի անկում։
Բուսագործական արտադրանքի մյուս տեսակների շրջանում խաղողը աչքի է ընկնում իր բարձր իրացվելիությամբ։ Անցած տարի այդ ցուցանիշը երկրում կազմել է միջինը ավելի քան 90 տոկոս։ Ընդ որում ռեկորդային մակարդակ կար Արմավիրում (ավելի քան 95 տոկոս), որը երկրի խաղողագործության ոլորտի երկու առաջատար մարզերից մեկն է։ Նկատենք, որ Հայաստանի մյուս «խաղողագործական» մարզի՝ Արարատի համեմատ, Արմավիրը անցած տարի ապահովել է երկրում խաղողի համախառն հավաքի ավելի քան 84 տոկոսը։
Ընթացիկ տարին Հայաստանի խաղողագործների համար ծանր էր։ Խաղող մթերող գինու ու հատկապես կոնյակի կոմբինատների գործերն այդքան էլ լավ չեն։
Ինչպես գիտեք, Հայաստանում արտահանման հիմնական հոդվածներից մեկը կոնյակն է, որը մեծամասամբ Ռուսաստան է արտահանվում։ Ռուսաստանի միջին դասի՝ հայկական կոնյակի հիմնական սպառողի վճարունակության վատացումն անդրադարձել է նաեւ մեր ոլորտի վրա։ Անցած տարի Ռուսաստան թունդ ոգելից խմիչքների (այսինքն հիմնականում կոնյակի) արտահանման ֆիզիկական ծավալը կրճատվել է 12 տոկոսով, իսկ ահա արժեքով արտահայտված՝ գրեթե 1․7 անգամ։
Արտահանողները ստիպված են եղել նվազագույնի հասցնել իրացման գները միայն թե չկորցնեն ռուսական շուկան։ Դրա շնորհիվ ընթացիկ տարում Ռուսաստան կոնյակի արտահանման ֆիզիկական ծավալը ավելացել է, սակայն արտադրանքի մեկ միավորի հաշվարկով եկամուտները նվազել են։ Հասկանալի է, որ այդ բարդ պայմաններում գյուղացիներին դժվար է գնման գների բարձրացում ակնկալել, որն ունակ կլինի գոնե մասամբ փոխհատուցել բերքի կորստից ստացած վնասը։
Շատ երկրներում լայնորեն տարածված է գյուղատնտեսության ապահովագրության պրակտիկան։ Հայաստանում, հաշվի առնելով նրա բնական- կլիմայական պայմանները, այս հարցը հատկապես հրատապ է բուսագործության համար։ Բայց ագրոապահովագրման առաջին պիլոտային ծրագրերի գործարկում լավագույն դեպքում կարելի է հաջորդ տարի ակնկալել։
Սմբատ Գրիգորյան




























