Պատմական գիտությունների դոկտոր պրոֆեսոր, ԵՊՀ մշակութաբանության ամբիոնի վարիչ, ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի Արցախի հնագիտական արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը համարում է, որ հուշարձանների պահպանության մասին Հայաստանի օրենսդրությունը վերանայման կարիք ունի։ Նոյեմբերի 4-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ նա նշել է, որ մշակութային ժառանգությունը պետք է հռչակվի ամբողջ ժողովրդի սեփականություն, ու հուշարձանների հետազոտության ու պահպանման գործառույթները պետք է պետական կառույցների կողմից պատվիրակվեն այն կազմակերպություններին, որոնք ուզում են զբաղվել դրանով։
«Մի կողմից մենք տեսնում ենք արտահայտված հետաքրքրություն մեր պատմամշակութային ժառանգության նկատմամբ, երբ զանազան փորձեր են արվում այդ ժառանգությունը ներառելու ոչ միայն մշակութային, այլեւ սոցիալական ու բիզնես գործընթացներում, մյուս կողմից էլ այդ հուշարձանների վիճակը անփոփոխ է մնում, չկան էական ծրագրեր, որոնք ուղղված կլինեն այդ ժառանգության պահպանմանը, դրա հետազոտմանը։ Հասարակության մեջ որոշակի երկբեւեռվածություն կա այս հարցում»,- ասել է նա։
Համլետ Պետրոսյանը նշել է, որ ըստ Հայաստանում գործող օրենսդրության՝ հուշարձանների պահպանման խորհրդային համակարգը դեռ պահպանվում է՝ ամբողջ պատասխանատվությունը պետական կառույցներինն է։ Եվ հասարակությունը, հիմնականում արդարացիորեն, քննադատում է այդ կառույցները, քանի որ դրանք չեն կատարում իրենց գործառույթները։ Ինչպես նշեց Համլետ Պետրոսյանը, բանն այն է, որ մեր մշակութային ժառանգության չափը ու մեր պետական կառույցների հնարավորությունները բոլորովին չեն համապատասխանում իրար։ Դրա պատճառով ըստ հնագետի, Հայաստանի տարածքում հուշարձանների հսկայական քանակություն հիմա աղետալի վիճակում է գտնվում։
Մեկ այլ խնդիր են օլիգարխները, որոնք դառնալով տարածքների սեփականատեր, կարծում են, թե հուշարձանների սեփականատերն էլ են։ Համլետ Պետրոսյանի խոսքով, Վայոց ձորում կան հուշարձաններ, որոնք նույնիսկ «նայողներ» ունեն, իսկ որոշ օլիգարխներ նույնիսկ իրեն որպես հնագետի հրավիրում են՝ իբրեւ տես, ես իմ տարածքում մի եկեղեցի ունեմ, արի, կնայենք՝ ինչ անենք դրա հետ։
Իսկ վերջերս Երեւանում առանձնատներից մեկի բակում նա տեսել է հին խաչքարերի բեկորներ, հիմա համապատասխան մարմինները փորձում են պարզել, թե որտեղից են բերվել դրանք։ Մասնագետի խոսքով ոչ ոք հաշիվ չի պահում, թե ասենք այս կամ այն եկեղեցում քանի խաչքար կա։ Սովորաբար եթե դրանց թիվը տասնյակների է հասնում, ապա ոչ ոք չի կարող ասել, թե առաջ քանիսն էին, իսկ հիմա քանիսն են, ու ուր են անհետացել այդ խաչքարերը։ Փաստորեն մնալով պետության հոգածությանը, մեր շատ հուշարձաններ մնացել են գրեթե անտեր։
Որպես այս հարցի լուծում՝ Համլետ Պետրոսյանը առաջարկում է փոխել օրենսդրությունը ՝ հաշվի առնելով մյուս երկրների փորձը։ Նրա խոսքով կան տարբեր տարբերակներ, օրինակ պետությունը կարող է թրասթային պայմանագրով հուշարձանների պահպանության լիազորությունները պատվիրակել շահագրգիռ անձանց կամ կազմակերպությունների։ Կարող են ստեղծվել ուժեղ համայնքային կազմակերպություններ, որոնք հուշարձանների պահպանման հետ միասին նաեւ կզբաղվեն դրանք այդ համայնքների սոցիալ մշակութային կյանքում ներառելու հարցով։
«Հուշարձանների հարցում իրավիճակը լուրջ է ու որքան էլ մենք քննադատենք պետական կառույցներին, նույնիսկ իրենց պարտականությունները լավագույնս կատարելու դեպքում նրանք չեն կարողանա պահպանել մեր ժառանգությունը։ Պետք է սկզբունքայնորեն նոր քաղաքականություն, որը օրենսդրորեն կամրագրի, որ մշակութային ժառանգությունը ամբողջ ժողովրդին է պատկանում, ու որ ցանկացած քաղաքացի, եթե ցանկանա քայլեր անել հուշարձանների պահպանության, հանրահռչակման ու հետազոտության համար, պետք է թե հստակ իրավունքներ, թե հստակ պարտականություններ ունենա»,- ասաց գիտնականը։
Համլետ Պետրոսյանի տրամադրած այս լուսանկարները վկայում են մեր հուշարձանների անմխիթար վիճակը.






























