2016թ-ի ընթացքում ենթակառուցվածքային տարբեր ծրագրերին զուգահեռ «Հայաստան» համահայկական հիմնադրամն առանձնատներ է կառուցել եւ կառուցում Արցախի 5 եւ ավելի զավակ ունեցող ընտանիքների համար:

Հիմնադրամից NEWS.am-ին հայտնում են, որ այս նպատակին են ուղղվել Հեռուստամարաթոն 2015-ի ընթացքում հավաքագրված գումարների մի մասն ու անհատ բարերարների նվիրատվությունները:

Ընդհանուրը կառուցվել եւ կառուցվում է 28 առանձնատուն Արցախի ամենատարբեր համայնքներում, ներառյալ` Մարտակերտ, Մարտունի, Որոտան Ավետարանոց, Վանք, Նոր Հայկաջուր, Ճանկաթաղ, Մուշկապատ, Ճարտար, Խանձաձոր, Մեծ Թաղեր, Ակնաբերդ, Ճարեքթար, Եղեգնուտ, Միրիկ, Բերդիկ, Քրասնի, Չափար, Կուսապատ, Մայրամաձոր, Նորագյուղ, Վարանդա, Վուրգավանդ քաղաքային եւ գյուղական համայնքներում:

Ինն առանձնատուն լիովին կահավորված են եւ պատրաստ շահագործման: Ճարտար, Քրասնի, Մարտակերտ, Մարտունի եւ Ճանկաթաղ համայնքներում բնակվող հինգ բազմազավակ ընտանիքներն /Հարությունյանների, Շիրինյանների, Բաղդասարյանների, Մովսեսյանի, Պետրոսյանների, Սարգսյանների/ արդեն նշել են իրենց բնակարանամուտը:

Հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի եւ տեղական մարմինների համատեղ նիստի որոշմամբ, 2016 թ.-ի նոյեմբերի 24-ին կայանալիք հեռուստամարաթոնի արդյունքում հավաքագրված գումարները կնպատակաուղղվեն Արցախի տուժած բնակավայրերի վերականգնմանը, խաղաղ բնակչության անվտանգությանն ու պաշտպանությանն ուղղված միջոցառումներին: Կշարունակվի Արցախի բազմազավակ ընտանիքների համար առանձնատների կառուցումը: