Նոր Կառավարությունն ուզում է Հայաստանի բնակչության ցավոտ թեմաները հանգստացնող բառերով մեղմել: Այս մասին նոյեմբերի 8-ին լրագրողներին ասել է ՀԱԿ անդամ, երեւանի նախկին քաղաքապետ Վահագն Խաչատրյանը:
Նրա խոսքով՝ հարկային եւ մաքսային ծառայությունները խոստանում են ազատականացում ապահովել զանգվածային սպառման շուկայում, բայց ինչ դրանից կստացվի, հասկանալի չէ: «Նրանք տեսնում են, թե ինչին են մարդիկ արագ արձագանքում՝ բենզինին, շաքարին, բանանին, ավտոկայանատեղիներին, եւ ասում են. ահա այդ ոլորտներում ամեն բան լավ կլինի: Ինչը շատ նման է նախընտրական քարոզի»,- բողոքեց Խաչատրյանը:
Նրան զարմացրել է նաեւ ՊԵԿ նոր ղեկավար Վարդան Հարությունյանի այն հայտարարությունը, թե հարկայինը բիզնեսում պետության փայատերն է: «Շատ է հիշեցնում պլանային տնտեսության բացասական կողմերը»,- բացատրեց Խաչատրյանը:




























