Լեռնային Ղարաբաղի խնդրի մասով մեզ սպասում են դժվար բանակցություններ, եւ կան իրական մտահոգություններ։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 10-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է «Համախմբում» կուսակցության ղեկավար, ԱԳ նախկին նախարար Վարդան Օսկանյանը, ով երկար տարիներ մասնակցել է ԼՂ հակամարտության կարգավորման բանակցություններին:
«Մենք պետք է ձգտենք, որ բանակցային փաստաթղթում ամրագրված Լեռնային Ղարաբաղի ժողովրդի ինքնորոշման իրավունքի պարզ ամրագրումից անցում կատարվի Լեռնային Ղարաբաղի՝ արդեն երկար տարիներ ինքնորոշված լինելու փաստի եւ դրա ճանաչման թեմային։ Թույլ պետք չէ տալ, որ բանակցային հիմնական շեշտադրումները լինեն տարածքների վերադարձի վրա: Շեշտադրումների փոփոխությունը հնարավոր է ճիշտ դիվանագիտություն վարելու դեպքում, եւ հենց դա է մեզ համար ընդունելի եւ ճիշտ ուղղությունը: Ղարաբաղյան կարգավորման բանալին Երեւանում ու Ստեփանակերտում է, եւ միայն մենք ենք որոշելու մեր ընդհանուր հայրենիքի սահմանները»,-ընդգծել է նա:
Այնուհետեւ անդրադառնալով տարածաշրջանային զարգացումներին, Օսնակյանն ասաց, որ Հարավային Կովկասում ինտեգրացիոն բուռն գործընթացներ են տեղի ունենում, ձեւավորվում են տրանսպորտային նոր ուղիներ, նոր առանցքներ եւ Հայաստանը ցավոք, այդ ամենում չկա:
«Հայաստանի տեղի եւ դերի հարցը կարեւորագույն խնդիր է: Պետք է վերադարձնել կոմպլեմենտարիզմը՝ որպես արտաքին քաղաքականության հայեցակարգային հենք, եւ դրանից ելնելով՝ առաջնայնություն պետք է դարձնել Վրաստանի հետ հարաբերություններին նոր որակ ու բնույթ հաղորդելը՝ ընդհուպ մինչեւ ինտեգրացիոն գործընթացների սկիզբ: Տարածաշրջանում մեր դիրքերի ամրապնդման բանալին հենց այստեղ է»:




























