ՀՀ արտաքին քաղաքականությունը դեռեւս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 11-ին, լրագրողների հետ հանդիպման ժամանակ նշել է Եվրոպական ուսումնասիրությունների կենտրոնի ղեկավար Արթուր Ղազինյանը:
Նրա խոսքով, Հայաստանի արտաքին քաղաքականությունը դեռեւս բավարար չափով դիվերսիֆիկացված չէ. «Նախկինում գոյություն ունեցող կոմպլեմենտարիզմը, երբ վերպետական կառույցներից դուրս գտնվելը որ Հայաստանին տալիս էր ինքնիշխանության որոշակի բազա՝ ինքնուրույն հարաբերությունների մեջ մտնել երրորդ կողմի՝ ԱՄՆ-ի, Իրանի եւ այլ երկրների հետ, ապա ներկայումս վիճակը էապես փոխվել է, քանի որ Հայաստանը դառնալով ԵՏՄ անդամ, սահմանափակել է իր ինքնիշխանությունը տնտեսական, առեւտրային հարաբերություններում»:
Ղազինյանը կարծիք հայտնեց, որ ԱՄՆ-ի պարագայում Հայաստանի օրակարգը դեռ անհասկանալի է, թե ինչ են սպասում ՀՀ իշխանություններն ԱՄՆ-ից. «Առաջինը՝ որքան հնարավոր է մեծ օգնություն տարբեր ծրագրերով, եւ առեւտրատնտեսական հարաբերությունների առումով ԱՄՆ-ի հետ չունենք շատ զարգացած ձեւաչափեր: Միակ հետաքրքիր մաս, որ այս պահին Հայաստանը կարող է ունենալ, ԼՂ հակամարտության կարգավորման գործընթացում ԵԱՀԿ Մինկի խմբում ԱՄՆ-ի համանախագահությունն է: Եթե Թրամփը խոսք է տվել, որ կկարգավորի հարաբերությունները Ռուսաստանի հետ, ապա պետք է փորձենք գտնել այնպիսի հարթակներ, որտեղ խնդիրները շատ սուր չեն: Այդ հարթակներից մեկը ԼՂ խնդրի կարգավորումն է»:
Նրա խոսքով, Կովկասյան տարածաշրջանը ունի չիրացված տնտեսական լուրջ պոտենցիալ, իսկ քանի որ Թրամփը գործարար է, անպայման կօգտվի տնտեսական օգուտ քաղելու ցանկացած հնարավորությունից:



























