Արցախի դիրքերից մեկում հոկտեմբերի 7-ին հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում ստացած զինծառայող Հայկ Համբարձումյանի վիճակն արդեն բավարար է: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց Երեւանի ՀՀ ՊՆ Կենտրոնական զինվորական հոսպիտալի տնօրեն Արամ Ասատուրյանը: Հայկ Համբարձումյանը վիրավորում էր ստացել կրծքավանդակի շրջանում, նա ունի լյարդի վնասվածք: Արամ Ասատուրյանի խոսքով՝ վիրավոր զինծառայողն իր բուժումը դեռ կշարունակի հոսպիտալում, նրան նոր վիրահատությւոններ չեն սպասվում, սակայն, դուրս գրելու մասին դեռ վաղ է խոսել:
Նշենք, որ վիրավոր զինծառայողին Ստեփանակերտի հոսպիտալից ուղղաթիռով Երեւան էին տեղափոխել:
Հայկը Երեւանից է, ունի իրենից մեծ քույր: Զինվորի մայրը մահացած է, Հայկն ապրում է հոր եւ քրոջ հետ:
Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ հոկտեմբերի 7-ին` ժամը 08:30-ի սահմանում, ՊԲ հարավային ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկի պահպանության տեղամասում հակառակորդի կողմից արձակված կրակոցից հրազենային վիրավորում է ստացել զինծառայող, 20-ամյա Հայկ Լեւոնի Համբարձումյանը:
ԼՂՀ ՊԲ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























