Երեւանում նոյեմբերի 14-ին մեկնարկել է ՆԱՏՕ–ի ամենամյա 10-րդ շաբաթը, որը տեւելու է մինչեւ նոյեմբերի 18-ը։ Շաբաթվա պաշտոնական բացման արարողության ժամանակ բացման խոսքով հանդես են եկել ՀՀ ԱԳՆ Սպառազինությունների վերահսկման եւ միջազգային հարաբերությունների վարչության պետ Գագիկ Հովհաննիսյանը, Հայաստանում Գերմանիայի դեսպան Մաթիաս Քիսլերը, ՀՀ ՊՆ պաշտպանական քաղաքականության վարչության պետ Մհեր Իսրայելյանը եւ Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի գրասենյակի ղեկավար, դեսպան Ուիլյամ Լահյուն։

Հարավային Կովկասում ՆԱՏՕ–ի գլխավոր քարտուղարի հատուկ ներկայացուցիչ Ջեյմս Ափաթուրայը, նախապես տեսագրված ուղերձով դիմելով ՆԱՏՕ–ի շաբաթվա մասնակիցներին, նշեց, որ ՆԱՏՕ–ի շաբաթվա շրջանակներում կքննարկվեն գիտության եւ կիբերանվտանգության հարցերը։ «Հայաստանն ու ՆԱՏՕ–ն նման համագործակցության ձեւաչափ ունեն։ Դա Անհատական գործընկերության գործողությունների պլանն է։ Պետք է ասեմ, որ այդ փոխգործակցությունը լուրջ հիմքերի վրա է դրված։ Մենք առաջնորդվում ենք նաեւ Հայաստանի առաջնայնություններով»,– ընդգծեց Ափաթուրայը։