Թիբեթի մուսուլմանների մեծ մասը, որոնք Հնդկաստան են փախել այն բանից հետո, երբ Չինաստանը ներխուժել է Թիբեթ , հնդիկների հակակրանքի պատճառով ստիպված են ապրել ավելի վատ պայմաններում, քան բուդդայական փախստականները։ Այս հակակրանքի պատճառները պարզել են Փենսիլվանիայի համալսարանի գիտնականները, գրում է EurekAlert–ը։
Երբ 1959-ին Դալայ Լաման փախավ Թիբեթից, այստեղ բնակվող մուսուլմանները, ում նախնիները հնդկական Քաշմիրից էին տեղափոխվել 15-րդ դարում, համոզեցին Չինաստանի իշխանություններին իրենց նույնպես թույլ տալ հեռանալ երկրից։ Երբ նրանք, բուդդայականների հետ միասին սկսեցին հետապնդումների ենթարկվել, Հնդկաստանը նրանց առաջարկեց Քաշմիր վերադառնալ։ Մոտ հազար մուսուլման լքեց Լխասը՝ Թիբեթի խոշորագույն քաղաքը ու դարձավ Հնդկաստանի քաղաքացի։
Գիտնականները պարզել են, որ մուսուլման փախստականների մեծ մասը շարունակում է իրեն թիբեթցի համարել, չնայած շատերի ընկալումով նրանք դադարել են այդպիսին լինել ։ Ի տարբերություն բուդդայականների, որոնց առաջնորդը Դալայ Լայման է, նրանք բացասական վերաբերմունքի են հանդիպել հնդիկների կողմից, քանի որ իսլամ են դավանում ու ապրում մի տարածքում, որը լարվածության օջախ է Հնդկաստանի ու Պակիստանի միջեւ։
Քաշմիր վերադարձածների մեծ մասը զրկվել էր կրթության հնարավորությունից, ապրում էր աղքատության ու գործազրկության պայմաններում։ Համաշխարհային հանրությունը, որին հուզում էր բուդդայական փախստականների ճակատագիրը, անտեսում էր մուսուլմանների խնդիրները։ Բացի դրանից, Թիբեթում մնացած իսլամականներին Չինաստանի իշխանություններն են հետապնդում, իսկ այդտեղից Չինաստան գաղթած մուսուլմանների հանդեպ էլ բուդդայականներն են հակակրանք տածում։




























