Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ: Այս մասին, օրերս Հայաստանի շուրջ երեք տասնյակ մտավորականների հետ հանդիպման ժամանակ նշել է
Արցախի Հանրապետության վարչապետ Արայիկ Հարությունյանը:
Մտավորականները ՀՀ պաշտպանության նախարարին առընթեր հասարակական խորհրդի ծրագրերի շրջանակներում, այցելել են Արցախ:
ԼՂՀ կառավարությունից NEWS.am-ին հայտնում են, որ վարչապետը ողջունել է Արցախում զորամաս այցելելու հյուրերի նախաձեռնությունը՝ շեշտադրելով դրա կարեւորությունը բանակի ու քաղաքացիական հասարակության միջեւ կապերի ամրապնդման եւ փոխադարձ աջակցության ապահովման գործում:
«Ինձ համար պատիվ է հայոց գիտությունն ու մշակույթը ներկայացնող այսպիսի կազմի հետ հանդիպում ունենալ, առավել եւս, երբ Արցախ ձեր այցի նպատակը հայ զինվորի կողքին կանգնելն ու նրան գոտեպնդելն է: Համոզված եմ, որ ձեր հանդիպումը զինվորներին լրացուցիչ լիցք է տալու, իսկ դուք ավելի լավ եք պատկերացնելու նրանց հոգեբանությունը, բանակում իրականացված բարեփոխումներն ու առկա խնդիրները: Արցախի կառավարության անունից՝ պատրաստակամություն եմ հայտնում մշտապես աջակցել նման նախաձեռնություններին եւ միասնական ջանքերով ամրապնդել հայոց հայրենիքի պաշտպանության կուռ համակարգը, որը խիստ խոցելի կլիներ առանց մտավորականների եւ, ընդհանրապես, քաղաքացիական հասարակության ակտիվ մասնակցության»,- հյուրերին ուղղված խոսքում նշել է վարչապետը:
Անմիջական մթնոլորտում տեղի ունեցած հանդիպման ժամանակ մտավորականները Ա. Հարությունյանին են ուղղել բազմաթիվ հարցեր՝ Արցախի սոցիալ-տնտեսական իրավիճակի, արտաքին քաղաքականության, առաջնագծի պաշտպանության եւ մի շարք այլ ոլորտների վերաբերյալ: Վարչապետ Հարությունյանը հանգամանալից եւ բաց կերպով պատասխանել է հարցերին՝ հորդորելով ներկաներին հնարավորինս ներգրավվել Արցախի զարգացման կարեւոր գործում:




























