ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի խորհրդական Քրիս Կոբաչը Թրամփի հետ հանդիպմանը իր հետ բերել էր փաստաթուղթ, որում նկարագրված է անլեգալ միգրացիայի դեմ պայքարի ծրագիրը, հայտնել է BuzzFeed–ը։

Լուսանկարում, որը արվել է Թրամփի ու Քոբաչի հանդիպման ժամանակ, կարելի է տեսնել փաստաթղթի էջերից մեկը։ Ընդ որում տեքստի մի մասը հնարավոր է նաեւ ընթերցել։ Փաստաթուղթը վերնագրված էր «Ներքին անվտանգության նախարարությունը։ Կոբաչի ռազմավարական ծրագիրը առաջիկա 365 օրերի համար»։

Էջը մասամբ փակված է խորհրդականի ձեռքով, բայց վերեւի մասը հնարավոր է ընթերցել։

Առաջինը նշված է․ թարմացնել ու նորից ներկայացնել անվտանգ մուտքի ու ելքի գրանցման համակարգը, որը աշխատել է 2002-2005 թթ․։

Նաեւ ծրագրում նշված է բարձր սպառնալիք ներկայացնող օտարերկրացիների համար լուրջ հարցեր հավելելու անհրաժեշտությունը։ Նրանց պետք է հարցնել շարիաթի, ջիհադի օրենքներին աջակցության մասին, տղամարդկանց ու կանանց հավասարության, ԱՄՆ սահմանադրության մասին։

Փաստաթղթում ասվում է սիրիացի փախստականների քանակը «մինչեւ զրո» նվազեցնելու մտադրության մասին եւ նշվում Մեքսիկայի հետ սահմանին պատ կառուցելու մտադրությունը։