Հարավային Կորեայի դատախազությունը չորեքշաբթի խուզարկել է երկրի նախագահ Պակ Կըն Հեի նստավայրը կոռուպցիոն սկանդալի կապակցությամբ, հայտում է YTN հեռուստաալիքը։
«Քննիչները խուզարկել են քաղաքացիական գործերով ավագ քարտուղար Ու Բյոն Ուի նախկին աշխատասենյակը, որը հրաժարական էր տվել հոկտեմբերի 30-ին։ Առգրավվել է նրա աշխատանքային համակարգիչն ու փաստաթղթերը»,– հայտնում է հեռուստաալիքը։
Ու Բյոն Ուն լքել էր պաշտոնը այն մեղադրանքների ֆոնին, թե ինքը տեղյակ է եղել նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլի ազդեցության չարաշահման մասին, սակայն ոչինչ չի ձեռնարկել։ Բացի այդ, նրան մեղադրում են մասնավոր կոմերցիոն ընկերության միջոցների յուրացման մեջ։
Հարավային Կորեայի դատախազությունը նոյեմբերի 20-ին ներկայացրել էր աղմկահարույց սկանդալի հետաքննության միջանկյալ արդյունքները։ Երկրի նախագահի մտերիմ ընկերուհի Չհվե Սուն Սուլին եւ եւս 2 բարձրաստիճան պաշտոնյաների մեղադրանք է ներկայացվել կաշառակերության, դրամաշորթության եւ ծառայողական դիրքի չարաշահման մեջ։




























