Լեռնային Ղարաբաղի հակամարտության կարգավորման բանակցություններում չի կարելի առաջընթաց սպասել այնքան ժամանակ, քանի դեռ առկա է ռազմական գործողությունների վերսկսման սպառնալիքը: Այս մասին մամուլի ասուլիսին հայտարարեց ԱԳ փոխնախարար Շավարշ Քոչարյանը:

Փոխնախարարն ընդգծեց, որ հայկական կողմը հանդիպումներից երբեք չի խուսափել: Իհարկե, մշտապես ակնկալելով, որ հանդիպումները պետք է արդյունավետ լինեն: «Արդյունավետության մասին կարելի դատել ըստ այն հանգամանքի, որ բանակցություններում առաջընթաց չկա: Ավելին՝ չի կարելի դա ակնկալել, քանի դեռ չեն իրականացվի Վիեննայի եւ Սանկտ Պետերբուրգի հանդիպումներում ձեռք բերված համաձայնությունները: Չի կարելի առաջընթաց ակնկալել, քանի դեռ առկա է պատերազմի հնարավորությունը, վստահություն չկա, սահմանին կրակում են»,- նշեց փոխնախարարը՝ հավելելով, որ «առաջին հերթին պետք է իրագործել 1994 թվականի զինադադարի համաձայնագիրը եւ 1995 թվականի համաձայնագիրը, որում հիշատակվում են միջադեպերի հետաքննության մեխանիզմները: «Այնպես որ, դա Ադրբեջանի ուղղակի պարտականությունն է: Սակայն Ադրբեջանը փորձում է դրանց կատարումը տորպեդահարել»,- նշեց Քոչարյանը:
Մեկնաբանելով Ադրբեջանի կողմից սպառնալիքները՝ Քոչարյանը նշեց, որ բանակցությունները տեղում դոփում են, որովհետեւ Ադրբեջանը դրանք օգտագործում է իր քաղաքականության քողարկման համար՝ հակամարտության կեղծման վրա կառուցված քարոզչության, որն այն վերածում է տարածքային վեճի եւ ռազմական լուծման հիմք ստեղծում: Ադրբեջանում համոզված են, որ ժամանակն իրենց օգտին է աշխատում, մեծանում է ռազմական բյուջեն, սակայն ապրիլյան իրադարձությունները ցույց տվեցին, որ դա այդպես չէ: «Դրանք ցույց տվեցին, որ ադրբեջանական բլիցկրիգը պարտվեց: Այլ հարց է, որ մեզ մոտ նույնպես թերություններ կային, եւ մենք դրանք շտկում ենք: Եթե այդ իրադարձությունները կրկնվեն, արդյունքն Ադրբեջանի համար ավելի ծանր կլինի»,- հայտարարեց Քոչարյանը:
Նրա խոսքով՝ այն հանգամանքը, որ Ադրբեջանը միջադեպերի հետաքննության մեխանիզմների ստեղծման վերաբերյալ համաձայնությունների կատարումը տորպեդահարում է, ցույց է տալիս, թե հատկապես ով է դրանց նախաձեռնողը: «Վիեննայի համաձայնությունների իրագործումը բանակցությունների շարունակման հիմքն է»,- հայտարարեց Քոչարյանը: