Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը Բունդեսթագում առաջին անգամ հանդես գալով որպես 2017 թվականի խորհրդարանական ընտրություններում կանցլերի պաշտոնի հավակնորդ՝ ափսոսանք է հայտնել ԱՄՆ նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի որոշման համար՝ Եվրամիության հետ առեւտրի ազատ գոտի չստեղծելու մասին: Նա ընդգծել է, որ չգիտե, թե Թրամփի որոշումն ում է օգուտ բերելու: Այս մասին հայտնում է DW-ն:

 

Միեւնույն ժամանակ Մերկելը հայտարարել է, որ հետագայում անհրաժեշտ է խաղադրույք կատարել աֆրիկական մայրցամաքի վրա եւ հայտնել է այդ թեման «Մեծ քսանյակի» հաջորդ գագաթնաժողովում առաջնահերթ դարձնելու իր մտադրության մասին, որը պետք է անցկացվի Գերմանիայի նախագահությամբ: Բեռլինը մտադիր է գործընկերային հարաբերություններ հաստատել աֆրիկական մի շարք երկրների հետ:

Նոյեմբերի 20-ին Անգելա Մերկելը պաշտոնապես հայտարարել է, որ Գերմանիայի կանցլերի պաշտոնում իր թեկնածությունը կառաջադրի չորրորդ անգամ: Բունդեսթագի ապագա ընտրությունները (որոնք պլանավորված են 2017-ի աշնանը) Մերկելը համարել է «Գերմանիայի միավորումից ի վեր ամենաբարդը»: