Այսօր՝ նոյեմբերի 24-ին, Ֆրանսիայի մայրաքաղաք Փարիզում մեկնարկել է Դատական կատարողների միջազգային միության խորհրդի ամենամյա լիագումար նիստը, որի աշխատանքներին մասնակցում է նաեւ ՀՀ գլխավոր հարկադիր կատարողի ժամանակավոր պաշտոնակատար Արմեն Հարությունյանը:

ԴԱՀԿ-ից NEWS.am-ին հայտնում են, որ դատական կատարողների միջազգային միության խորհրդի լիագումար նիստը տեղի է ունենում յուրաքանչյուր տարվա նոյեմբերին եւ ամփոփում է Դատական կատարողների միջազգային միության տարեկան գործունեությունը՝ անդամ ու դիտորդ երկրների մասնակցությամբ: Դրա ընթացքում քննարկման առարկա են դառնում նաեւ Դատական կատարողների միջազգային միության առաջիկա տարվա գործունեության հիմնական միջոցառումներն՝ իրենց ժամանակացույցով:

Երկօրյա աշխատանքային այցի ընթացքում՝ նոյեմբերի 24-ին եւ 25-ին, նախատեսվում են նաեւ Արմեն Հարությունյանի հանդիպումները գործընկեր կառույցների ղեկավարների հետ, որոնց շրջանակում կքննարկվեն փոխգործակցության խորացման եւ հետագա զարգացման հեռանկարները: