ԵԱՀԿ Մինսկի խմբի ամերիկացի համանախագահ Ջեյմս Ուորլիքը կմտնի ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման պատմության մեջ: Այս մասին նոյեմբերի 24-ին կայացած մամուլի ասուլիսում հայտարարել է Կովկասի ինստիտուտի փոխտնօրեն, քաղաքագետ Սերգեյ Մինասյանը:

Պատասխանելով հարցին, թե ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահի պաշտոնից Ջեյմս Ուորլիքի հեռանալն ինչպես կազդի Ղարաբաղի հարցով բանակցային գործընթացի վրա, քաղաքագետը նշել է, որ իր մասնագիտական ունակություններով եւ ակտիվությամբ նա բացական դրական առանձնացավ ոչ միայն ամերիկյան դիվանագետների, այլ ընդհանրապես համանախագահների շրջանում:

«Իհարկե՝ բանակցային գործընթացի հաջողությունը կախված չէր եւ կախված չէ Ուորլիքից եւ համանախագահներից: Միաժամանակ, չեմ կարծում, որ ԱՄՆ պետքարտուղարությունում չի գտնվի մեկը, որը բնական ռոտացիայի շրջանակում չի կարողանա համապատասխան կերպով փոխարինել Ուորլիքին»,- ամփոփեց Սերգեյ Մինասյանը:

Հիշեցնենք, որ Ջեյմս Ուորլիքը ԵԱՀԿ Մինսկի խմբում համանախագահի առաքելությունն ավարտելու է դեկտեմբերի 31-ին: «Ինձ համար պատիվ էր ավելի քան 30 տարի աշխատել Պետքարտուղարությունում»,- Twitter-ում գրել է Ուորլիքը: Նա նաեւ նշել է, որ դառնալու է Ռուսաստանի ամենահեղինակավոր եւ մեծ իրավաբանական ընկերության՝ «Եգորով, Պուգինսկի, Աֆանասեւ եւ գործընկերներ»-ի գործընկերը: