Նոյեմբերի 24-ին Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության արտգործնախարարների համաժողովին մասնակցող Հայաստանի ԱԳ նախարար Էդվարդ Նալբանդյանը Անտանանարիվուում հանդիպեց ՖՄԿ ԱԳ նախարարների խորհրդի նախագահ, Մադագասկարի արտգործնախարար Բեատրիս Աթալլային:
ԱԳՆ-ից NEWS.am-ին հայտնում են, ո նախարար Աթալլան, ողջունելով Հայաստանի արտգործնախարարին, նշեց, որ ջերմությամբ է հիշում նախորդ տարի Երեւանում բարձր մակարդակով կազմակերպված Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովը ու դրա շրջանակներում ունեցած հանդիպումը: Նա խորհրդանշական համարեց, որ հենց Երեւանում է Սենեգալից Մադագասկարին փոխանցվել ՖՄԿ նախարարական համաժողովի նախագահությունը։
Զրուցակիցները, կարեւորելով երկու պետությունների միջեւ համագործակցության զարգացմանն ուղղված ջանքերը, ընդգծեցին դրանում Ֆրանկոֆոնիայի միջազգային կազմակերպության դերը՝ կամրջելու տարբեր մայրցամաքների եւ մշակույթների ժողովուրդներին:
Կողմերը քննարկեցին երկկողմ հարաբերությունների զարգացմանն առնչվող հարցեր: Շեշտվեց փոխգործակցության սերտացման գործում առկա մեծ ներուժը: Հայաստանի եւ Մադագասկարի արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարները քննարկեցին կրթության, մշակույթի ոլորտներում համագործակցության հեռանկարները: Պայմանավորվածություն ձեռք բերվեց ակտիվացնելու երկու արտգործնախարարությունների միջեւ խորհրդատվությունները:
Էդվարդ Նալբանդյանը եւ Բեատրիս Աթալլան քննարկեցին Ֆրանկոֆոնիայի նախարարական համաժողովի, ինչպես նաեւ գագաթաժողովի օրակարգային հարցեր: Զրուցակիցներն արժեւորեցին միջազգային հարաբերություններում ՖՄԿ դերակատարության մեծացմանն ու հեղինակության բարձացմանն ուղղված՝ կազմակերպության գլխավոր քարտուղարի ջանքերը:
Նախարարներ Նալբանդյանը եւ Աթալլան մտքեր փոխանակեցին տարածաշրջանային եւ միջազգային հարցերի շուրջ:




























