Ֆրանսիայի նախագահական ընտրություններում «Հանրապետականներ» կուսակցությունից առաջադրվելու քվեարկության նախօրեին Ֆրանսուա Ֆիյոնը հեռուստաբանավեճում հաղթել է Ալեն Ժյուպպեին։ Այս մասին հայտնում է BFM–ը։
Elabe հասարակական կարծիքի ուսումնասիրության կենտրոնի տվյալներով՝ նախկին վարչապետ Ֆիյոնի օգտին պատրաստ է քվեարկել պահպանողական ճամբարի 71 տոկոսը։ Նախկինում նույնպես վարչապետի պաշտոնը զբաղեցրած Ալեն Ժյուպպեն իր կողմն է հավաքել պահպանողականների եւ աջակողմյանների 28 տոկոսին։ Հեռուստալսարանի կարծիքի վերլուծության համաձայն՝ Ֆիյոնը հաղթել է 57 տոկոս ձայնով։
Բանավեճի ժամանակ խոսք է գնացել Ֆրանսիայի արտաքին քաղաքականության բարեփոխումների, մասնավորապես ՌԴ–ի նկատմամբ վերաբերմունքի մասին։ Եթե Ժյուպպեն ավելի մեղմ բարեփոխումների կողմնակից է եւ հակված է հակառուսական պատժամիջոցների պահպանմանը, ապա Ֆիյոնը կոշտ տնտեսական միջոցների կողմնակից է եւ կոչ է անում հրաժարվել ՌԴ–ի դեմ պատժամիջոցներից։ Նրա կարծիքով Արեւմուտքի պատժամիջոցային քաղաքականությունը տապալվել է՝ չտալով ոչինչ, բացի եվրոպացի գյուղացիների սննկացումից։


























