Ճապոնիայի կառավարությունը քննարկում է երկրում ամերիկյան THAAD հակահրթիռային պաշտպանության (ՀՀՊ) համալիրի տեղակայման հնարավորությունը: Այս մասին գրում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով Yomiuri պարբերականը:
Պատճառը Հյուսիսային Կորեայի կողմից հրթիռային սպառնալիքն է: Ճապոնիայի ՊՆ-ն նախապատրաստում է այս տարվա դեկտեմբերին նախարար Տոմոմի Ինադայի այցը Գուամ, որտեղ նա կկարողանա անձամբ ծանոթանալ ամերիկյան պաշտպանական համակարգին:
«THAAD-ի տեղակայման հետ կապված հստակ ծրագիր դեռեւս չկա: Սակայն նոր համակարգերի ներդրումը կամրապնդի մեր հնարավորությունները»,- կառավարության նիստից հետո հայտարարել է Տոմոմի Ինադան:
Նշվում է, որ THAAD-ի տեղակայման արդյունքում հնարավոր կլինի պաշտպանել այն հատվածները, որոնք չեն կարող պաշտպանել Ճապոնիայի սպառազինության մեջ առկա SM-3 հրթիռներն ու PAC-3 համակարգերը: Սակայն THAAD համալիրի տեղակայումը միլիարդավոր իեն կարժենա, ինչը կարող է ծրագրի իրականացման գլխավոր դժվարությունը դառնալ:


























