Սոմալիի մայրաքաղաք Մոգադիշոյում ոստիկանական հսկիչ անցակետում մեքենայի պայթյունի հետեւանքով առնվազն երեք մարդ է զոհվել,հայտնել է «Ռոյթեր» գործակալությունը։

«Պայթյունը տեղի է ունեցել ոստիկանության անցակետում՝ Վաբերի թաղամասի բանջարեղենային շուկայից ոչ հեռու»,- հայտնել է ոստիկանության ներկայացուցիչ Մոհամեդ Հուսսեյնը։ Նրա խոսքով, զոհվել են ոստիկաններ ու խաղաղ բնակիչներ, տասը մարդ էլ վիրավորում է ստացել։

Ոչ մի ահաբեկչական կազմակերպություն դեռ պատասխանատվություն չի ստանձնել պայթյունի համար։

Սոմալիում գործում է «Աշ Շաբաբ» իսլամական արմատական խմբավորումը, որը սերտ կապեր ունի միջազգային «Ալ Կաիդա» ահաբեկչական կազմակերպության հետ։

«Աշ Շաբաբը» զինված պայքար է մղում երկրի կենտրոնական կառավարության դեմ ու խոչընդոտում ՄԱԿ հումանիտար գործունեությանը։