Նոյեմբերի 24-25-ին Չեխիայի կատարած աշխատանքային այցի շրջանակներում ՀՀ ԱԳ նախարարի տեղակալ Ռոբերտ Հարությունյանը հանդիպումներ է ունեցել Չեխիայի Հանրապետության Արդյունաբերության եւ առեւտրի նախարար Յան Մլադեկի, ԱԳ նախարարի տեղակալ Մարտին Տլապայի եւ մի շարք այլ բարձրաստիճան պաշտոնատար անձանց հետ:

ԱԳՆ մամուլի ծառայությունից NEWS.am-ին հայտնում են, որ նախարար Մլադեկի եւ փոխնախարար Տլապայի հետ հանդիպումների ընթացքում քննարկվել են տնտեսական դիվանագիտությանը եւ հայ-չեխական առեւտրատնտեսական կապերի զարգացմանը վերաբերող հարցեր։

Չեխիայի՝ նկատելի հաջողություններ արձանագրած տնտեսական դիվանագիտության գործող հայեցակարգի հեղինակ Մարտին Տլապայի հետ պայմանավորվածություն է ձեռք բերվել հայաստանցի գործընկերների համար փորձի փոխանցման դասընթաց կազմակերպելու վերաբերյալ։

Ռոբերտ Հարությունյանը չեխ գործընկերներին ներկայացրել է Հայաստանի՝ ԵԱՏՄ անդամակցությամբ երկրի տնտեսության զարգացման, նաեւ օտարերկրյա ներդրումների համար ստեղծված նոր հնարավորություններն ու բարենպաստ պայմանները` ընդգծելով, որ հայկական արտադրանքն արտոնյալ մուտքի հնարավորություն ունի ԵՄ երկրներ: Վերջիններիս կողմից տրամադրվող արտոնյալ GSP+ առեւտրային ռեժիմի շնորհիվ Հայաստանը հնարավորություն ունի զրոյական կամ էապես իջեցված մաքսատուրքերով ապրանքներն արտահանել ԵՄ շուկա:

Փոխնախարար Հարությունյանը հանդիպումներ է ունեցել նաեւ Չեխական արտահանման բանկի (ČEB) տնօրենների խորհրդի նախագահ Կարել Բուրեշի եւ Չեխիայի Արտահանման երաշխավորման եւ ապահովագրման կորպորացիայի (EGAP) գլխավոր տնօրեն Յան Պրոխազկայի հետ։ Նրանց հետ քննարկվել է Հայաստանի տնտեսության մեջ հնարավոր ներդրումների ֆինանսավորման կամ շահավետ գործարքների վարկավորման գործիքակազմը եւ մեխանիզմները։

Չեխիայի ԱԳՆ Հյուսիսային եւ Արեւելյան Եվրոպայի վարչության պետ Ռադեկ Պեխի հետ քննարկվել են տարածաշրջանային խնդիրներն ու հայ-չեխական, ՀՀ-ԵՄ հարաբերությունները։

Փոխնախարար Հարությունյանն այցելել է նաեւ Պրահայի արվարձանում տեղակայված եւ չեխաբնակ Կարեն Սարգսյանին պատկանող Foodish s.r.o. ընկերությունը (ARAX ապրանքանիշ), քննարկել ՀՀ սննդարդյունաբերության ձեռնարկությունների հետ գործակցության հեռանկարները։

Փոխնախարարի հանդիպումներին մասնակցել է Չեխիայում ՀՀ դեսպան Տիգրան Սեյրանյանը։