Մալթայի Ռաբաթ գյուղի մոտ հայտնաբերված դամաբարանադաշտում գտնված ոչ մեծ ատամը այն ամենն է ինչ մնացել է 2000-ամյա երեխայից, հայտնում է Planet-today-ը:
Սուրբ Պողոսի միսիոներական քոլեջի խաղահրապարակը մեծացնելու աշխատանքների ընթացքում ստերգետնյա անձավներում հայտնաբերվել են կղզու 8 հնագույն բնակիչների մնացորդներ, ինչպես նաեւ կավից դեկորատիվ ամանեղեն: Ամենայն հավանականությամբ, այս գտածոն Մալթայի անցյալի գաղտնիքների բացահայտման նոր բանալի կդառնա:
Հնագետները նախ մեկ խուց են հայտնաբերել, սակայն պարզվել է, որ դրա ետեւում ստորգետնյա կառույցների մի ամվողջ գիծ կա, որոնք ձգվում են մինչեւ սահմանապահ պատը: Խցերի ներսում եղել են քարի մեջ բացված դարակներ, որոնք կիրառվել են մանկահասակ երեխաներին հուղարկավորելու համար: «Երկու հազար տարի առաջ մանկական մահացության մակարդակը շատ բարձր է եղել: Նրանք մանուկներին դնում էին այդ մանրակերտ դամբարանների մեջ եւ սվաղով ծածկում: Այնուհետեւ դրանք կրկին բացում էին եւ օգտագործում նոր հուղարկավորության համար»,- ասել է հնագետ Բերնադետա Սպիտերին:
Դեռեւս անհնար է որոշել դամբարանադաշտի ճշգրիտ տարիքը: Գերեզմաններում գտնված արտեֆակտների վրա հենվելով՝ հնագետները ենթադրում են, որ այն ստեղծվել է այն ժամանակ, երբ Կարթագենի գաղութ համարվող Մալթան անցել է Հռոմեական կայսրության տնօրինությանը: Այդ ժամանակահատվածում կղզում մեծաթիվ հրեական համայնք է ապրել, նաեւ առեւտրականներ եւ գաղութային վերաբնակներ:




























