ԱՄՆ-ի տիեզերական NASA գործակալությունը թվարկել է Մարս թռիչքի 7 առավել լուրջ վտանգները, հայտնում է Oane-ը:
Առաջին վտանգն է համարվում դեռեւս Երկրի վրա թռիչքի մեկնարկի պահին պայթյունի հավանականությունը, ինչպես տեղի է ունենում տիեզերական սարքերի հետ եւ ունենում մահացու ելքը: Այնուհետեւ հետեւում է տիեզերական ճառագայթահարումը, որից անհնար է խուսափել, կարելի է միայն առավելագույնս աշխատել հզոր պաշտապանության ստեղծման ուղղությամբ: Կարմիր մոլորակի վրա վայրէջքի գործընթացը եւս կարող է խնդիրներով ընթանալ:
Այնուհետեւ կարող են հետեւել այն վտանգները, որոնք գաղութաբնակներին կուղեկցեն անմիջաբար Մարսի մակերեւույթին: Ի տարբերություն Երկրի՝ այնտեղ ձգողականությունը ավելի ցածր է եւ առկա է թթվածնի գրեթե լիակատար բացակայություն: Չի հաջողվի այս գործոններին թեթեւ եւ արագ հարմարվել, համոզված է գործակալության աշխատակից Քրիս Մակքեյը, որն իր գործընկերներին կոչ է արել հնարավոր բոլոր վտանգները նախապես հաշվարկել եւ ստեղծել անվտանգության ապահովման համարժեք միջոցներ:
Վեցերորդ վտանգը հողի անպտղաբերությունն է, նաեւ այն հավանականությունը, որ դրա մեջ կարող են պարունակվել մարդու համար վտանգավոր նյութեր: Յոթերորդ վտանգավոր գործոնը մարդկանց միջեւ հնարավոր առճակատումն է, որն ինքնին ունակ է ապագա գաղութաբնակների կյանքն անտանելի դարձնել, եթե անգամ մյուս բոլոր վտանգներից հաջողվի խուսափել:




























