Կուբայի նախկին նախագահ Ֆիդել Կաստրոյի լուսանկարները եւ Ազատության կղզու ազգային դրոշները սեւ ժապավեններով հայտնվել են Հավանայի տների, բիզնես կենտրոնների վրա, հայտնում է ՏԱՍՍ–ը։

Կուբայի Կոմկուսի տպագիր մարմին Granma  թերթը վաճառքի է հանվել սեւ գույներով, առանց նրան բնորոշ կարմիր  գույնի։ Առաջին էջում միայն մեկ արտահայտություն է. «Կուբան Ֆիդելն է»։  

Ավանդական կուբայական ռիթմը, որը սովորական օրերին լսվում է Հին Հավանայի փողոցներում եւ զբոսաշրջային կենտրոններում, անսպասելի լռել է ժամանցային միջոցառումների արգելքի պատճառով։ Բացի այդ, կիրակի օրը առեւտրի կենտրոնները դադարել են սպիրտային խմիչքներ վաճառել՝ այդ մասին համապատասխան հայտարարություններով նախազգուշացնելով գնորդներին։ Երկրում 9-օրյա սուգի կապակցությամբ ընդհատվել է բեյսբոլի ազգային առաջնությունը։

Որպեսզի բոլոր ցանկացողները կարողանան Հեղափոխության հրապարակում հրաժեշտ տալ Ֆիդել Կաստրոյին, չեղարկվել են կրթական հաստատություններում դասերը։ Նոյեմբերի 29-ին այդ հրապարակում մեծամասշտաբ հանրահավաք տեղի կունենա, որին սպասվում է նաեւ այլ երկրների ներկայացուցիչների ներկայությունը։