Լոռու մարզի Կաթնաղբյուր գյուղի դպրոցի նախկին տնօրեն, թոշակառու Ալմաստ Սավթալյանը հայտնվել է դատարանում:

Պարզվում է` Ալմաստ Սավթալյանը 9 տարի աշխատել է գյուղի միջնակարգ դպրոցում եւ այդ ընթացքում պաշտոնական փաստաթղթերում ակնհայտ կեղծ տեղեկություններ է մտցրել, ինչպես նաեւ կազմել եւ հանձնել է կեղծ փաստաթղթեր: Իրավապահներն այս դեպքով սկսել են զբաղվել, երբ նա արդեն թոշակի է անցած եղել: Նրան մեղադրանք է առաջադրվել Քրեական օրենսգրքի 314-րդ հոդվածի 1-ին մասով:

NEWS.am-ի թղթակցի հետ զրույցում Կաթնաղբյուրի գյուղապետ Արթուր Սավթալյանը նշեց, որ նախկին տնօրենը հափշտակություն չի կատարել, խոսքը փաստաթղթերում բացթողումներ անելը:

Նշենք, որ Ալմաստ Սավթալյանը 66 տարեկան է: Եթե դատարանով նրա մեղավորությունն ապացուցվի, նրան սպառնում է նույնիսկ ազատազրկում` առավելագույնը 4 տարով: