Սույն թվականի նոյեմբերի 11-ից մեկնարկել է ԱՊՀ մասնակից պետությունների միջխորհրդարանական վեհաժողովի ժողովրդավարության զարգացման մոնիտորինգի միջազգային ինստիտուտի երեւանյան մասնաճյուղի նախաձեռնությամբ անցկացվող «Հայաստանի Հանրապետության երիտասարդ ընտրող» կրթական ծրագիրը, որի նպատակն է խորհրդարանական ընտրություններին ընդառաջ տեղեկացնել երիտասարդ ընտրողներին ընտրական նոր գործընթացների վերաբերյալ, նպաստել ՀՀ ընտրական նոր օրենսգրքի առկայության պայմաններում ՀՀ-ում ընտրական օրենսդրության գործնական հարցերի լուսաբանմանը եւ այդ գործընթացում երիտասարդ ընտրողների ներգրավմանը:
ԿԸՀ-ից NEWS.am-ին հայտնում են, որ ծրագիրն իրականացվում է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի աջակցությամբ: Ծրագրի շրջանակներում ՀՀ մի շարք բուհերում կանցկացվեն դասախոսություններ եւ ինտերակտիվ գործնական պարապմունքներ:
Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետում ծրագիրը նախատեսված է անցկացնել 2016 թվականի դեկտեմբերի 1-ից 2-ը: Դեկտեմբերի 1-ին Երեւանի պետական համալսարանի իրավաբանական ֆակուլտետի դատական նիստերի դահլիճում ժամը 12.45-ին բացման խոսքով հանդես կգա ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովի նախագահ Տիգրան Մուկուչյանը:




























