Ուկրաինայի զինվորականները դեկտեմբերի 1-ի առավոտյան Սեւ ծովի ջրատարածքի վրա վարժանքային հրաձգություն են սկսել: Այս մասին «112 Ուկրաինա» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ուկրաինայի բանակի «Հարավ» օդային հրամանատարության մամուլի ծառայության պետ Վլադիմիր Կրիժանովսկին: Նրա խոսքով՝ մշակվում է միջին հեռահարության կառավարվող զենիթային հրթիռների արձակում:
Ուկրաինայի ՌՕՈւ-ի հրամանատարական կենտրոնի պետ Ռոման Յուրչիլոն նույն հեռուստաալիքին տված հարցազրույցում ընդգծել է, որ Ղրիմի օդային տարածքին հրթիռի մերձենալու ամենամոտ կետը կկազմի 30 կմ-ից ոչ պակաս: Նրա խոսքով՝ ուկրաինացի զինվորականները վարժանքներն իրենց տարածքում են անցկացնում:
Ուկրաինայի հարավում հրթիռային կրակոցների անցկացման գոտում օդանավերի երթուղիները մեկ-երկու կմ-ի շեղում կունենան, հեռուստաալիքին հայտնել է Կիեւի «Բորիսպոլ» միջազգային օդանավակայանի գլխավոր տնօրենի պաշտոնակատար Եվգենի Դիխնեն:
Վարժանքների մեկնարկը ռուս զինվորականների կողմից անարձագանք չի մնացել: Ղրիմի ուժային կառույցներում «ՌԻԱ Նովոստի»-ի աղբյուրը հայտնել է, որ Սեւծովյան նավատորմի նավերը ծով են դուրս եկել եւ դիրքեր են զբաղեցրել թերակղզու արեւմտյան ափերին: Ուկրաինական վարժանքների ժամանակ ՀՕՊ հաշվարկները կբերվեն ծառայության ուժեղացված ռեժիմի:
ՌԴ Տրանսպորտի փոխնախարար Վալերի Օկուլովն ավելի ուշ հայտնել է, որ ուկրաինական վարժանքների գոտին առնչվում է Ղրիմի ռուսական ավիաընկերությունների երթուղիներին:
Այն, որ Կիեւը մտադիր է հրթիռային կրակոցներ անցկացնել՝ հայտնի է դարձել նոյեմբերի 25-ին: Ռուսաստանն Ուկրաինային զգուշացրել է Ղրիմի շրջանում հայտարարված հրաձգության ժամանակ ուկրաինական հրթիռները խոցելուն պատրաստ լինելու մասին, եթե ուկրաինացի զինվորակաների գործողությունները վտանգ ներկայացնեն:





























