Հայաստանի կառավարության  2010 թվականի օգոստոսի 19-ի որոշմամբ, Երեւանի քաղաքապետարանի կառավարմանը  հանձնված «Էրեբունի» արգելոց-թանգարանում ներկայումս ընթանում են վերականգնողական աշխատանքեր: Հոկտեմբերի 27-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ այս մասին ասաց արգելոց-թանգարանի տնօրեն Գագիկ Գյուրջյանը:

Վերականգնողական աշխատանքեր իրականացնելու համար Մշակույթի նախարարությունը տրամադրել է 15 մլ դոլար, սակայն թանգարան-արգելոցի տնօրենի խոսքով, «Էրեբունի» թանգարանը 1968 թվականի վիճակին բերելու համարա անհրաժեշտ է 350-400 մլն դրամ:

Գյուրջյանը նաեւ նշեց, որ արգելոց-թանագարանում ընթացող աշխատանքները տարբերվում են այլ շինարարական աշխատանքներից. «Այն բավականին յուրահատուկ շինտեխնիկա ունի: Սա քարի շինարարություն չի, սա հում աղյուսի եւ քարի կառույցներ են, որոնք բավականին փխրուն են եւ դրանց պահպանությունը մեծ ջանքեր է պահանջում: Անհրաժեշտ է մասնագիտական լուրջ վերահսկողություն»:

Արգելոց-թանգարանի տնօրենն ասաց, որ նախատեսվում է թանգարանի շրջակայքով անցկացնել 1,2 կմ պարագծով ցանկապատ: «Առջեւի հատվածի ցանկապատը, որը հարում է քաղաքին` կլինի երկաթյա նախշերով, իսկ հետեւի հատվածը` փշալարերով»,-նշեց Գյուրջյանը` հավելելով, որ վերականգման եւ վերանորոգման կարիք ունեն նաեւ թանգարանի որմնանկարները: